Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը հույս ունի, որ իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ուրբաթ երեկոյան Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ։
«Ես վստահ եմ, որ մեր հանդիպումը կկայանա։ Դրա հստակ տեղը և ժամը ես դեռ չեմ կարող նշել, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են», - հայտարարել է Բայդենը։
Ավելի վաղ, ամերիկյան մամուլում տեղեկություններ էին ի հայտ եկել, որոնց համաձայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպումը կայանալու է հունիսին՝ Ջոզեֆ Բայդենի եվրոպական շրջագայության ընթացքում։
Պատասխանելով Սպիտակ Տանը հավատարմագրված լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հանդիպման հեռանկարների վրա չի՞ ազդի Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակումը, Բայդենը բացասական պատասխան է տվել։
«Այդ հանգամանքը չի ազդում [Ռուսաստանի նախագահի] հետ հանդիպելու իմ ցանկության վրա։ Բացի այդ ռուսներն այս պահին Ուկրաինայի սահմանների մոտ ավելի քիչ զորք ունեն քան մեկ ամիս առաջ էր», - նշել է Բայդենը։