Մատչելիության հղումներ

Բաքուն Ֆրանսիային և Կանադային կոչ է արել «անաչառ գնահատական տալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին»


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Պաշտոնական Բաքուն կոչ է արել Ֆրանսիային և Կանադային «անաչառ գնահատական տալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին»։

Մեկնաբանելով Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին ազատ արձակելու՝ Փարիզից և Օտտավայից հնչող կոչերը՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն ասել է․ «Թերևս երկու երկրներն էլ տեղյակ են, որ Հայաստանը դեռ որևէ տեղեկություն չի տրամադրել 1991-94 թվականների պատերազմում անհետ կորած 4 հազար ադրբեջանցիների վերաբերյալ, ինչպես նաև հրաժարվել է տրամադրել Ղարաբաղում տեղադրված ականների քարտեզը»։

«Եթե Ֆրանսիայի ու Կանադայի արտգործնախարարություններն ուզում են անաչառ, ոչ թե միակողմանի դեր ստանձնել, պետք է կոչ անեն Հայաստանին հետևել սեփական պարտավորությունններին և զերծ մնալ քայլերից, որոնք խոչընդոտում են ամուր խաղաղության կայացմանը տարածաշրջանում», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր, անդրադառնալով արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարություններին, նշել է. «Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար: Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG