Մատչելիության հղումներ

Տաջիկստանի ու Ղրղըզստանի միջև բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով երկու կողմից 55 մարդ է զոհվել


Տաջիկստանի իշխանություններն այսօր պաշտոնապես հայտնեցին, որ անցած շաբաթ Ղրղըզստանի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 19 մարդ է սպանվել, ևս 87-ը վիրավորվել են, բոլոր զոհերը սահմանային շրջանի գյուղերից են։

«Ազատության» լրագրողները բախումների վայրից հաղորդել էին տաջիկական կողմի 20 զոհի մասին, որոնցից 11-ը զինծառայող էր։

Ղրղըզստանի իշխանությունները ավելի վաղ հաղորդել էին իրենց կողմի կորուստների մասին՝ 36 զոհ, 189 վիրավոր, շուրջ 58 հազար տարհանված։ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջափարովն այսօր այցելել է բախումներից տուժած գյուղեր։

Ապրիլի 30-ին Տաջիկստանի ու Ղրղըզստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Ղրղըզստանի նախագահին հրավիրել էր Դուշանբե, քննարկելու սահմանային խնդիրները։ Պաշտոնապես հաղորդվել էր, որ Ջափարովը Դուշանբե կմեկնի մայիսի վերջին, սակայն այսօր Մարգուն գյուղում նա ասել է, թե Տաջիկստան չի մեկնի, մինչև չկարգավորվեն սահմանային խնդիրները։

Տաջիկստանի ու ու Ղրղըզստանի 970 կիլոմետրանոց սահմանի կեսը սահմանազատված չէ, որի պատճառով սահմանային վեճեր ու բախումներ են լինում։

ՀԱՊԿ-ի անդամ երկու երկրների միջև վերջին լուրջ բախումները սկսվել էին ապրիլի 28-ին ու շարունակվել առնվազն երեք օր։ Կենտրոնական Ասիայի այդ երկու երկրներում ռուսական ռազմակայաններ կան տեղակայված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG