Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլիի խոսքով` «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հարցը կլուծվի մոտ ապագայում»


Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, 5-ը մայիսի, 2021թ., Բաքու, Ադրբեջան

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության հարցը կլուծվի մոտ ապագայում։ Նախօրեին Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին, այդ մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Դավիթ Գարեջիի» վերաբերյալ կարող եմ միայն ասել, որ այս հարցը շատ շուտով կգտնի իր լուծումը։ Այն կհանգուցալուծվի՝ մեր բարեկամական և եղբայրական հարաբերություններից ելնելով։ [Երկկողմ] հանձնաժողովը կշարունակի աշխատանքը, և մենք պայմանավորվեցինք, որ երկխոսությունը շարունակվելու և նոր թափ է ստանալու», - այցի ընթացքում իրեն ուղեկցող վրաց լրագրողների հետ զրույցում նշում էր Ղարիբաշվիլին՝ խուսափելով, սակայն, հավելյալ մանրամասների հրապարակումից։

Վրաց-ադրբեջանական պետական սահմանի դեռևս չհստակեցված հատվածում գտնվող վանական այս համալիրի շուրջ ծագած վեճերը չորեքշաբթի օրը Բաքվում քննարկում էին նաև Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Դավիթ Զալկալիանին։ Բանակցությունների ավարտին վրացական դիվանագիտության ղեկավարը ևս հույս էր հայտնում, թե երկու հարևան պետություններին կհաջողվի փոխադարձաբար ընդունելի լուծում գտնել։

«Այս բանակցությունների ընթացքում մենք բավական զգայուն թեմաների ևս անդրադարձանք։ Խոսեցինք, մասնավորաբար, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, քննարկեցինք այս հարցով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հնարավորությունը։ Պատրաստ ենք հանձնաժողվի նիստը գումարել ամենամոտ ապագայում՝ լուծելով այս հարցը այնպես, որ դա համապատասխանի թե վրացի և թե ադրբեջանցի ժողովուրդների շահերին», - հայտարարում էր վրացական արտգործնախարարության ղեկավարը։

«Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ սուր վեճերը ծագեցին 2019 թվականի գարնանը, երբ ադրբեջանցի սահմանապահները թույլ չտվեցին վրաց ուխտավորներին մուտք գործել վանական համալիրի տարածք։ Նույն թվականին Ադրբեջանը սկսեց դեպի համալիր տանող նոր ճանապարհի կառուցումը, ինչը Թբիլիսիում ընկալվեց որպես «Դավիթ Գարեջիի» հանդեպ վերահսկողություն սահմանելուն ուղղված ևս մեկ քայլ։

Հերթական անգամ այս հարցը թեժ քննարկումների առարկա դարձավ Վրաստանի վարչապետի Բաքու կատարած այցից հաշված ժամեր առաջ։ Դրա պատճառը ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախաձեռնությունն էր, որի աշխատակիցները մայիսի 4-ին փորձեցին նկարահանումներ իրականացնել վիճահարույց վանական համալիրի տարածքում՝ բախվելով հարակից գյուղերի բնակիչների և «Դավիթ Գարեջիի» հոգևոր սպասավորների կոշտ հակազդեցությանը։

Դժգոհության պատճառն այն էր, որ այս այցի ընթացքում լրագրողներին ուղեկցում էր նաև այսպես կոչված` «Քարտեզագիրների գործով» անցնող գլխավոր մեղադրյալը՝ Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախկին անդամ Իվերլի Մելաշվիլին։

Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը Մելաշվիլիին և նրա գործընկեր Նատալյա Իլյիչևային ձերբակալել էր 2020-ի հոկտեմբերին 7-ին՝ նրանց շուրջ չորս ամիս պահելով կալանքի տակ։ Վրաց իրավապահները պնդում էին, որ «Դավիթ Գարեջիի» շուրջ ծագած վեճերի գլխավոր պատճառներից մեկը հենց Մելաշվիլիի և Իլյիչևայի գործողություններն էին, որոնք դեմարկացիայի գործընթացի ժամանակ իբր առաջնորդվել էին Վրաստանի համար ոչ բարենպաստ քարտեզներով, ինչի հետևանքով վանական համալիրի մի մասը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Ինքը Մելաշվիլին ներկայացվող մեղադրանքները հերքում է և «Դավիթ Գարեջի» կատարած այցի ընթացքում պատրաստվում էր ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում ապացուցել, որ որևէ սխալ բան չի արել, և իր գործողությունների հետևանքով չէ, որ վանական համալիրի մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Դավիթ Գարեջին» վրացական տարածք է, դա պարզից էլ պարզ է», - հայտարարում էր Մելաշվիլին։

Բաքվում, սակայն, փոքր-ինչ այլ կարծիք ունեն։ Ադրբեջանական կողմը նախ կասկածի տակ է դնում «Դավիթ Գարեջիի» վրացական ծագումը՝ չբացառելով, որ այն աղվանական ճարտարապետության նմուշ է։ Բացի այդ, Բաքվում բացառում են, թե կարող են Վրաստանին վերադարձնել վանական համալիրի այն հատվածը, որ այս պահին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը 480 կիլոմետր է կազմում։ Դրա սահմանազատման գործընթացը մեկնարկել է 1996 թվականին։ Այս ընթացքում կողմերին հաջողվել է համաձայնեցնել պետական սահմանի մեծ մասը՝ ավելի քան 300 կիլոմետրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG