Մատչելիության հղումներ

Ըստ Խզմալյանի՝ օրենսդրական և կինոկրթությանն առնչվող խնդիրների լուծմամբ կարելի է ապահովել կինոարվեստի զարգացումը


Տարիներ շարունակ Հայաստանում կինոոլորտի պատասխանատուները, ինչպես նաև կինոգործիչները պնդում են կինոյի մասին օրենքի անհրաժեշտության մասին, օրենքի նախագծեր ներկայացնում, բայց այդպես էլ մինչև այժմ չկա այդ օրենքը, որը շատերի համոզմամբ, կարող է չափազանց նպաստավոր լինել Հայաստանում կինոարվեստի զարգացման համար:

Կինոյի ոլորտը մեր երկրում մինչև այժմ օրենսդրական կարգավումներ չունի: Եվ ահա օրերս Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց և քվեարկությամբ հավանության արժանացրեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Աննա Կոստանյանը, Արթուր Մանուկյանը և Արման Եղոյանը:

Հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Նա քաջածանոթ է կինոոլորտի հիմնախնդիրներին և որոշակի առարկություններ է ունեցել քննարկվող օրենսդրական փաթեթի նկատմամբ:

«Առիթից օգտվելով նաև հրապարակայնորեն եմ ուզում շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի իմ գործընկերներին, որովհետև անկախ տարակարծություններից, անկախ առարկություններից, այս օրենքի նախագծի մշակումը շատ կողմերի վրա լույս սփռեց, մեզ ստիպեց խորանալու բազմաթիվ առանձնահատկությունների մեջ, մղեց ուսումնասիրելու միջազգային փորձը», - «Ազատության» հեր զրույցում ասաց փոխնախարարը:

Արա Խզմալյանն ընդգծեց, որ ինքը ներկայացրել է կառավարության առաջարկները և վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի իրենց գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն կունենան. «Ես վստահ եմ, որ մեքն առիթ ունենալու ենք դեռ քննարկելու, նշված առաջարկությունները վերլուծելու: Ամեն դեպքում նպատակը հետևյալն է՝ խթանել կինոյի ոլորտը, կինոյի արտադրությունը, ստեղծել բարենպաստ միջավայր, այնպես որ, կարծում եմ, նաև Ֆինանսների նախարարության մեր գործընկերները խորքային քննարկում կունենան օրենքի նախագծի հեղինակների հետ, և մենք կգանք կոնսենսուսային մի տարբերակի»:

Խզմալյանի համոզմամբ, սակայն, կինոոլորտի զարգացման համար միայն օրենսդրական միջոցները բավարար չեն: Կա լրջագույն մի խնդիր, որը հրատապ պետք է կարգավորվի՝ կինոկրթության խնդիրը, որը օրենսդրական միջոցներին զուգահեռ պետք անպայման լուծում ստանա:

«Ինչ էլ որ մենք ընդունենք, ինչի մասին էլ խոսենք և ինչ էլ ֆինանսավորենք, խնդիրների խնդիրը մնալու է կինոկրթությունը: Իմ խորին համոզմամբ՝ այն ձևը, այն համակարգը, այն սկզբունքը, որով այսօր իրականանում է կինոկրթությունը, չի կարող տալ այն արդյունքները, որ մենք ակնկալում ենք: Այսինքն դա պետք է լինի առանձին մի դպրոց, առանձին մի թրծարան, եթե կարելի է այսպես ասել», - նշեց փոխնախարարը:

Արա Խզմալյանի կարծիքով՝ թե՛ օրենսդրական, թե՛ կինոկրթությանն առնչվող խնդիրների լուծմամբ կարելի է ապահովել կինոարվեստի զարգացումը Հայաստանում. «Ուզում եմ նաև հիշեցնել, որ կինոյի մասին օրենքի նախագծից բայցի մենք արդեն իսկ վավերացրել ենք ԵԽ համատեղ կինոարտադրության կոնվենցիան, որով կարգավորվում են միջազգային համատեղ կինոարտադրության պրոցեսները, այն սուղ ռեսուրսները, որոնցով այսօր գործում է կինոյի ոլորտը և արդյունքներն ու աշխատանքները համադրում ենք, մենք պետք է ուղղակի շնորհակալություն հայտնենք կինոոլորտի մեր գործիչներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG