Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին


Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ «Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ»:

Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի կողմից «Շուշիում իրականացված բռնի վտարումներն ուղղակի և անուղղակի կերպով խախտում են միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված հայ բնակչության քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների ողջ սպեկտորը»:

Արցախի արտգործնախարարը նամակում ընդգծել է, որ «Արցախի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և ճարտարապետական լանդշաֆտի բռնի վերափոխման քաղաքականությունը խտրականության և այլատյացության բացահայտ դրսևորում է»:

Նամակներում շեշտվում է. «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց թիրախն Արցախի ժողովուրդն է: Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի ցանկացած գործունեություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպատակ ունի ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի ապօրինի կիրառման հետևանքները, չպետք է հանդուրժվի և պետք է ուղղակիորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»:

Արցախի արտաքին գործերի նախարարը կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի միջազգային-իրավական գործիքակազմն ակտիվացնելու ուղղությամբ՝ ապահովելու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ` «այդ կործանարար և շարունակական խախտումները վերացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG