Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարել է ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամության մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հունիսին Եվրոպա կատարելիք իր այցի ժամանակ ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամության մասին:

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ջո Բայդենն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Մեծ Բրիտանիա, որտեղ նա կմասնակցի հունիսի 11-13-ը կայանալիք «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այնուհետև Միացյալ նահանգների նախագահը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին:

Ռուս-ամերիկյան գագաթաժողովի անցկացման գաղափարը Ջո Բայդենն առաջ է քաշել ապրիլին, ինչն անակնկալ էր ամերիկյան դիտորդների համար: Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երրորդ երկրում քննարկել այն խնդիրները, որոնք լարվածության աճ են առաջացնում երկու երկրների միջև հարաբերություններում: Այդ խնդիրների թվում են Ուկրաինայի նկատմամբ ռուսական սպառնալիքը, ռուսական կիբերգրոհները ամերիկյան համակարգչային ցանցերի դեմ, Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի և նրա կողմնակիցների հետապնդումները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով՝ երկու նախագահների հանդիպման նախապատրաստումն ընթանում է ամբողջ թափով։ Քննարկվում են հունիսին կայանալիք հանդիպման կոնկրետ ժամկետները։ Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է ավելի կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ագրեսիվ Կրեմլը կորոշի գործել:

Լոնդոնում, հիշեցնենք, անցնում է «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների՝ երկու տարվա ընթացքում առաջին ոչ օնլայն հավաքը։ Երեկվա նիստի քննարկման կենտրոնական թեմաներից էին Ռուսաստանն ու Չինաստանը։ Բլինքենը գրառում էր արել Twitter-ում՝ նշելով, թե պետք է միասին ստիպեն Ռուսաստանին կատարել ստանձնած միջազգային պարտականությունները:

«Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ուշադրություն դարձնենք Ռուսաստանի պահվածքին, պատասխանատվության ենթարկենք Ռուսաստանին նրա գործողությունների համար և ճնշում գործադրենք Մոսկվայի վրա, որպեսզի նա կատարի իր միջազգային պարտավորությունները», - Twitter-ի իր էջում գրել է Բլինքենը:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Բլինքենի հաղորդագրությունը ռեպոստ է արել և հավելելով, թե «Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Մինսկի համաձայնությունների շրջանակներում և բարեխղճորեն աշխատի Ուկրաինայի արևելքում հակամարտության դադարեցման ուղղությամբ»։ «Մոսկվան նաև պետք է դադարեցնի Ղրիմի անօրինական օկուպացիան», - գրել է Փրայսը։

Ռուս-ամերիկյան հարաբերությունները հերթական անգամ կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բայդենը հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է, դրական էր պատասխանել։ Մոսկվան այս սկանդալային հայտարարության բավականին զուսպ արձագանքեց, իսկ Միացյալ Նահանգների նախագահն էլ ավելի ուշ անսպասելի հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ երրորդ երկրում։

XS
SM
MD
LG