Մատչելիության հղումներ

Մանուկյանը հայտարարում է՝ Քոչարյանին զրպարտելու մոտիվացիա չի ունեցել


Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատական նիստ, արխիվ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով այսօրվա դատական նիստում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց՝ գողացված գումարների, տնտեսությունը ոչնչացնելու և այլ հարցերի մասին բարձրաձայնելով՝ Ռոբերտ Քոչարյանին վիրավորելու, զրպարտելու բացարձակ մոտիվացիա չի ունեցել ու չունի։ Ըստ Մանուկյանի՝ իր խոսքերը միայն գնահատականներ են, որոնք վերաբերում են Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։ Խոսքը Քոչարյանի հասցեին արված այն հայտարարությունների մասին է, որոնք Մանուկյանն արել է 2019 թվականին լրատվականներից մեկի եթերում։

«Ես ձեզ ներկայացնելու եմ բազմաթիվ աղբյուրներից փաստեր, որոնք ապացուցելու կարիք չկա: Դրանք ՀԱԱԳԱ-ի գործն է, որը 100 հազար ստորագրությամբ քաղաքացիներ և լուրջ ակցիա էր, կատարվեց, ուղարկվեց ՀԱԳԳԱ-ի դատարան, Մարտի 1-ի գործերից մեղադրանքի դատախազության, որը հասանելի է, հրապարակելի է, դրանք էլ եմ ներկայացրել, ներկայացրել եմ բազմաթիվ գրքերից փաստեր, որոնք օրինական տպված են, որոնք տպվել են և տարածվել են մամուլով և ներկայացնելու եմ հայտնի, երևելիների կարծիքներ Ռոբերտ Քոչարյանի մասին, որպեսզի ներկայացնեմ, որ ես ընդամենը ներկայացրել եմ այն, ինչ կա հանրային դաշտում», - ասաց Մանուկյանը:

Տնտեսությունը ոչնչացնելու մասին արած իր հայտարարությունների վերաբերյալ Մանուկյանը մեջբերումներ արեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի «Քոչարյանական «աճի» առասպելը» գրքից, գողացված գումարների մասին արած հայտարարությունների հետ կապված թվեց, ըստ մամուլի հրապարակումների, Ռոբերտ Քոչարյանին առնչվող ընկերությունների ցուցակը։ Որպես հիմնավորում ներկայացնելով իր փաստարկները՝ Մանուկյանը նշեց, որ գնահատողական դատողություններ է արել։

«Ես էլ եմ եղել չինովնիկ պետական աշխատող, Ռոբերտ Քոչարյանն էլ։ Դուք ձեր մտքում հարց կարո՞ղ եք տալ, հարգելի դատարան, պետական պաշտոնյան, որը մոտավորապես աշխատավարձը էն ժամանակ, ասենք, 100 դոլարի կարգի էր, ո՞նց ա սա ձեռք բերել։ Իրավաբանորեն կարո՞ղ եմ ապացուցել, որ ինքը գողացել է սա, է ո՞նց կապացուցեմ։ եվ էստեղ լիքը, «Կոնգրես հյուրանոց»-ի գործը դեռ ավարտված չէ, ես իրավունք ունե՞մ ասելու, որ դատարանը կամ մեղադրող կողմը ինչ մեղադրանք առաջադրել է Քոչարյանին, կասկած կա այդտեղ: Ես ներկայացնելու են, հարգելի դատարան, լիքը, դաժան փաստեր, որ 30 տարի մեր հանրապետությունում հնչում է անընդհատ», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Մանուկյանը անդրադարձավ նաև հոկտեմբերի 27-ի գործին, սակայն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասաց՝ այն որևէ կերպ առնչություն չունի այս գործի քննության հետ։

«Մենք ականատեսն ենք լինում հերթական զրպարտությունների, ոչ միայն իրա խախտումն է իրականացնում իրավունքի, այլև իրավունքը շարունակական խախտում է կրում այս ելույթներով, այս մեջբերումներով, այս կեղծ, ոչ իրական, երրորդ անձանց խոսքից մեջ բերումներ անելով, դրա համար, հարգելի դատարան, ես ուղղակիորեն իմ համար սա դատավարական գործողություն չի, որ տեղի է ունենում վերջին 2 ժամը պատասխանողի կողմից, դրա համար, եթե թույլ տաք, ես հրաժարվեմ մասնակցել ու լքեմ նիստերի դահլիճը։ հայցում եմ դատարանի ներողամտություն, բայց էս գործընթացին, էս ելույթների ականատեսը չեմ ուզում լինեմ», - ասաց Քոչարյանի ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը։

Դատարանը ընդմիջում հայտարարեց, որից հետո Քոչարյանի ներկայացուցիչը վերադարձավ և առարկեց տեսանկարահանման դեմ։ Դատարանը որոշեց չթույլատրել տեսանկարահանումը։

XS
SM
MD
LG