Մատչելիության հղումներ

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Երվանդ Ղազանչյանի անվան թատերասրահի բացումը


Պարոնյանի անվան թատրոնը ղեկավարած Երվանդ Ղազանչյանը, արխիվ

Այսօր երեկոյան ժամը 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա վաստակաշատ ռեժիսոր, տասնամյակներ շարունակ Թատերական գործիչների միությունը և Պարոնյանի անվան թատրոնը ղեկավարած Երվանդ Ղազանչյանի անվան թատերասրահի բացումը:

Ինչպես նշում է թատրոնի ներկայիս ղեկավար, նաև Թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը՝ նորաստեղծ, 70 հանդիսատեսի համար նախատեսված այս թատերասրահը պիտի բացվեր դեռ անցյալ տարի ապրիլին, բայց համավարակի պատճառով չկարողացան իրականացնել թատերասրահի բացման հանդիսավոր արարողությունը:

«Այս տարի վերջապես որոշեցինք իրագործել մեր երազանքը, ստեղծել թատրոնի փոքր դահլիճը, որը կկրի 20 տարուց ավելի թատրոնը ղեկավարած Երվանդ Ղազանչյանի անունը», - ասաց Թատերական գործիչների միության ղեկավարը:

Այսօր երեկոյան Երվանդ Ղազանչյանի անունը կրող նորաստեղծ այս թատերասրահը կբացվի Էդվարդ Ռադինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» խորագրով պիեսի հիման վրա ստեղծված «Ներոն և Սենակա» բեմադրության պրեմիերայով: Գլխավոր դերակատարներն են Արթուր Կարապետյանը, Արմեն Սանթրոսյանը և Վարուժան Մանուկյանը:

«Բավականին ծրագրեր կան այդ դահլիճի հետ կապված, արդեն հստակ պիեսներ կան, բեմադրիչներ կան, որոնք անելու են ներկայացումներ», - ասաց Ղազանչյանը:

Ինչպես ընդգծում է Հակոբ Ղազանչյանը այս դահլիճը ծառայելու է թե՛ հանդիսատեսին, թե՛ բոլոր տարիքների տաղանդավոր ռեժիսորներին ու դերասաններին. «Ներգրավելու ենք տաղանդավոր ծրագրերը և՛ երիտասարդ, և՛ միջին տարիքի, և՛ ավագ սերնդի: Ես չեմ ուզում հատուկ շեշտել երիտասարդներին, որովհետև բոլորի համար է, ու ընդհանրապես կարծում եմ, որ մի քիչ այդ թեման շատ է շահարկվում, որովհետև երիտասարդներին ավելի քան հնարավորություն է տրվում, մեր սերունդը կերազեր նման հնարավորությունների համար: Եթե լինեն տաղանդավոր երիտասարդ բեմադրիչներ, թող գան, աշխատեն, եթե կլինեն ավագ սերնդի տաղանդավոր ծրագրեր, հետաքրքիր ծրագրեր կառաջարկեն, խնդրեմ, թող գան անեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG