Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի 120 անդամներ պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին


Եվրախորհրդարանի 120 պատգամավորներ նամակով դիմել են ԵՄ ղեկավարներին՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ազատ արձակելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ խորհրդի ղեկավար Շարլ Միշելին ուղղված նամակի տեքստը Twitter-ի իր էջում այսօր հրապարակել է Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) խմբակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը։

Ուղերձի տակ ստորագրած եվրոպացի պատգամավորների գնահատմամբ՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվը կարող է գերազանցել 200-ը։ «72 հոգու դեպքում Ադրբեջանը խոստովանել է, որ այդ մարդիկ իր մոտ են։ 112 մարդու պարագայում Ադրբեջանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել, ևս 61 անձանց գերեվարության մասին տեղեկությունները Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են, չնայած այն հանգամանքին, որ փաստերը հակառակն են վկայում», - նշում են նամակի հեղինակները, պնդելով նաև, որ Ադրբեջանի գործողությունները «Ժնևյան կոնվենցիայի հստակ և բացարձակ խախտում են»։

«ԵՄ այլևս չի կարող Հայաստանին թողնել նման անտանելի վիճակում։ Հարկավոր է դիմել այնպիսի քայլերի, որոնք թույլ չեն տա, որ բռնի ուժը մեկ անգամ ևս գերակայություն ստանա օրենքի հանդեպ», - նշված է Եվրախորհրդարանի 120 անդամների կողմից ստորագրված նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG