Եգիպտոսն ու Ֆրանսիան խոշոր ռազմական գործարք են կնքել, որի ընդհանուր ծավալը, ըստ Reuters գործակալության, գերազանցել է 4 միլիարդ ամերիկյան դոլարը։
Ֆրանսիական Dassault ավիաշինական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Եգիպտոսը որոշել է Rafale մակնիշի 30 բազմաֆունկցիոնալ օդանավ ձեռք բերել՝ դրանց թիվն իր զինանոցում հասցնելով 54-ի։
Եգիպտոսի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Rafale-ների գնման նպատակով Կահիրեն վարկային միջոցներ կներգրավի։ «Վարկի մարման նվազագույն ժամկետը 10 տարի է կազմելու», - հաղորդել է Եգիպտոսի Պաշտպանության նախարարությունը։
Անցած տարեվերջին Կահիրեի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացմանն անդրադարձել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հայտարարելով, որ Եգիպտոսում արձանագրվող մարդու իրավունքների խախտումները չեն խոչընդոտի ֆրանսիական սպառազինության վաճառքին այդ երկիր։