Առնվազն 15 մարդ զոհվել է, ավելի քան 70-ը վիրավորվել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում գտնվող երկաթուղային կամրջի՝ անցած գիշեր տեղի ունեցած փլուզման հետևանքով։
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ աղետի պահին Մեխիկոյի մետրոպոլիտենի գնացքներից մեկն անցնում էր կամրջով, անհայտ պատճառներով, սակայն, կամրջի սյուները չեն դիմացել շարժակազմի ծանրությանը։
Վթարի հետևանքով ուղևորների մի մասը հայտնվել են փլատակների տակ, կամրջի ավերակներն արգելափակել են նաև քաղաքի տարածքով անցնող բանուկ մայրուղիներից մեկը։
Կամուրջը կառուցվել էր ընդամենը 10 տարի առաջ, Մեքսիկայի ներկայիս արտգործնախարար Մարսելո Էբարդի՝ Մեխիկոյի քաղաքապետ աշխատելու տարիներին։
Փրկարարական աշխատանքները Մեխիկոյում շարունակվում են, տեղական իշխանությունները հետաքննում են վթարի պատճառները։