Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը հակազդելու է Մոսկվայի պրոպագանդային


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբ, արխիվ

Այսօր Լոնդոնում գումարվում է Մեծ յոթնյակի (G7) երկրների՝ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին առկա համաժողովը վերջին երկու տարվա ընթացքում:

Նախորդ անգամ վեց արտգործնախարարները և պետական քարտուղարն անձամբ հանդիպել էին 2019 թվականի ապրիլին Ֆրանսիայում: Դրանից հետո բոլոր հանդիպումները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ կազմակերպվել էին առցանց տարբերակով:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը երեկ ասել է, որ համաժողովի ընթացքում կպահպանվեն բոլոր անհրաժեշտ կանոնները, այդ թվում՝ կիրականացվի մասնակիցների պարտադիր թեստավորում:

Ռաաբի խոսքով՝ չափազանց կարևոր է «վերականգնել մասնակիցների անմիջական ներկայությամբ քննարկումների ձևաչափը»:

Նա ասել է, որ Լոնդոնում մայիսի 3-5-ը նախատեսված համաժողովի օրակարգում կլինի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, մասնավորապես՝ պատվաստանյութերի արտադրության և մատակարարման խնդիրը:

Բացի այդ, վեց արտգործնախարարները և պետքարտուղարը կանդրադառնան կրթության, կլիմայի, միջազգային ֆինանսական համակարգի և պարենի թեմաներին:

Հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի տարածած պրոպագանդայի և ապատեղեկատվության դեմ պայքարելու հարցին:

Դոմինիկ Ռաաբի համոզմամբ, Ռուսաստանի գործողությունները՝ հարևան երկրներին հասցեագրված սպառնալիքները, «Նովիչոկ» տեսակի քիմիական զենքի կիրառումը, կիբերհարձակումները լուրջ վտանգ են, և Մեծ յոթնյակը պարտավոր է դրան հակազդել:

«Իհարկե մեզ մտահոգել է [ռուսական] զինուժի կուտակումն Ուկրաինայի սահմանների մոտ, «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին թունավորելը՝ դա արդեն ոչ միայն մարդու իրավունքները խախտելու, այլև քիմիական զենք կիրառելու հարց է: Դրանից զատ՝ կիբերհարձակումները, որոնք նաև Չինաստանն ու Իրանն են կատարում, մենք և մեր դաշնակիցներն ամենայն ուշադրությամբ ենք քննարկում այդ ամենը: Եվ Բրիտանիան տեղեկատվական ոլորտում նվաճումները և հզոր կարողությունները կտրամադրի իր և դաշնակիցների թվային դիմադրողականությունը խթանելու գործին», - հայտարարել է Ռաաբը:

Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել այս տարվա հունիսին՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլում:

Աշխարհում տնտեսապես առավել զարգացած 7 տերությունների ղեկավարների նախորդ հավաքը պետք է տեղի ունենար անցյալ տարի Միացյալ Նահանգներում, սակայն կորոնավիրուսի կապակցությամբ չեղարկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG