Մատչելիության հղումներ

Դոնբասում ավելի քան կես միլիոն մարդ անցած երկու տարում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել


Ռուս անջատականների հսկողության տակ գտնվող Դոնբասի շրջանի բնակիչները հրետակոծությունից ավերված տան մոտ, Դոնեցկի արվարձան, 9 ապրիլի, 2021թ.
Ռուս անջատականների հսկողության տակ գտնվող Դոնբասի շրջանի բնակիչները հրետակոծությունից ավերված տան մոտ, Դոնեցկի արվարձան, 9 ապրիլի, 2021թ.

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ ռուսամետ անջատականների հսկողության տակ գտնվող Ուկրաինայի արևելյան շրջաններում անցած երկու տարում մոտ 527 հազար մարդ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել:

Նախարարության մամլո ծառայությունը հաղորդել է, որ Ուկրաինայի արևելյան շրջանների բնակչության համար թողարկել է 650 հազար անձնագիր այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականին կարգադրել է այդ մարդկանց պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրել:

Արևմուտքը սադրիչ քայլ է համարում Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների բնակիչներին ռուսաստանյան անձնագրերի տրամադրումը, պնդելով, որ դա էլ ավելի է ապակայունացնում վիճակը:

Կիևն այդ շրջանների բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն շնորհելը համարում է «հիբրիդային» պատերազմի բաղկացուցիչ մաս, որի նպատակն է խարխլել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանը քաղաքական, ռազմական, ֆինանսական և տնտեսական օգնություն է տրամադրում Ուկրաինայի արևելքի ռուս անջատականներին, սակայն պնդում է, թե ոչ մի առնչություն չունի նրանց հետ:

Մոսկվան 2014 թվականի գարնանը բռնազավթել է Ղրիմի թերակղզին: Դրանից հետո Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել է պատերազմ, որի ընթացքում սպանվել է ավելի քան 13 հազար մարդ:

Արևմուտքը չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը և պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG