Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը դադարեցնում է անդամակցությունը


Նարինե Դիլբարյանը, ով ղեկավարում էր «Ժառանգություն» կուսակցությունը, որոշել է դադարեցնել իր անդամակցությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Դիլբարյանը, ով այս քաղաքական ուժի նախագահն էր 2020-ի մայիսից, հիշեցրել է, որ կուսակցությանն անդամակցել է այն ժամանակ, երբ այն քաղաքական գործընթացներից դուրս էր:

«Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է», - նկատել է նա:

Ընդդիմադիր քաղաքական ուժը, հիշեցնենք, 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին չէր մասնակցել: Օրեր առաջ Դիլբարյանն ասել էր, թե հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու են: Մի քանի արտախորհրդարանական կուսակցությունների հետ միասին «Ժառանգությունը» վարչապետի հրաժարականից հետո հայտարարությամբ էր հանդես եկել, թե Փաշինյանը չի կարող կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները. «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում», - հայտարարել էին նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG