Մատչելիության հղումներ

Մեքենաների պետհամարանիշերի գողության դեպքերը վերջին ամիսներին բազմապատկվել են


Առավոտյան արթնանում ես ու հայտնաբերում մեքենադ՝ առանց պետհամարանիշերի, կամ ավելի վատ՝ հասնում ես աշխատանքի ու պատահաբար իմանում, որ մեքենայիդ համարանիշերը գողացել են, ինչպես, օրինակ, պատահեց Արփինեի դեպքում։

«Չէի լսել տվյալ հանցագործության մասին, ոչ մի ինֆորմացիա չունեի, առաջին քայլը, որ արեցի, զանգել եմ ոստիկանություն ու հաղորդագրություն տվեցի, բայց հետ, որ հետաքրքրվեցի, պարզվեց, որ շատ տարածված հանցագորոծություն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արփինեն։

Որ հանցագործությունը այս տարի մեծ չափերի է հասել նաև Ոստիկանությունն է հաստատում․ միայն այս տարվա 4 ամիսներին գրանցվել է նման հանցագործության 234 դեպք, այն դեպքում, երբ 2020-ի ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է ընդամենը 59-ը, ընդ որում 234 դեպքից բացահայտվել է միայն 6-ը։

«Բացահայտման փոքր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ գողության դեպքերի զգալի մասը՝ 213 դեպքը, կատարվել է գիշերային ժամերին։ Սա այն ժամանակահատվածն է, որ անչափ դժվար է, թե՛ վկաներ գտնել, թե՛ հայտնաբերել այդ անձանց, որովհետև այսօր հիմնական մասը դիմակով է շրջում, տեսախցիկները գիշերային ժամերին չեն կարողանում հստակ պատկերել հանցանք կատարած անձանց», - ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Հանցագործությունների թվի աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ մեքենաների սեփականատերերը Ոստիկանություն դիմելու փոխարեն գործարքի մեջ են մտնում հանցանք կատարած անձանց հետ և, գումար վճարելով, համարները հետ են ստանում՝ ասում է Արա Ֆիդանյանը։

«Անիձին՝ սեփականատիրոջը, տրամադրվում է մեկ այլ համարանիշ, իսկ հետագայում հայտնաբերելու դեպքում, գտնված համարանիշը կարող է վերադարձվել նախկին սեփականատիրոջը», - ասաց Ոստիկանության պետի տեղակալը։

Համարանիշերից միայն մեկի կորստի դեպքում դրա կրկնօրինակը տրվում է՝ 12 հազար դրամի դիմաց, ընդ որում, միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչև կրկնօրինակի հատկացումը, հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով, սակայն երկու համարանիշերի կորստի դեպքում նույն համարը վերականգնել հնարավոր չէ, անկախ նրանից համարը հերթական համար է, թե՝ կրկնվող թվերով՝ այսպես ասած «գոլդ», որը կարող է մի քանի միլիոն դրամ արժեք ունենալ։ Այս արգելքը նպատակ ունի բացառել նույն համարի օգտագործումը հանցագործությունների կատարման համար, իսկ նման դեպքեր ևս գրանցվում են։

«Այսօր մեկ այլ գողության դեպքի կապակցությամբ, որը չի վերաբերում պետհամարանիշերի գողությանը, հայտնաբերվել է անձ, որը, վարելով կրկին«Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենա, վրան դրած լինելով այն պետհամարանիշը, որը ինքը դեռևս ամսի 7-ին գողացել էր, կատարել է մեկ այլ գողության փորձ», - ասաց Ֆիդանյանը։

Պետհամարանիշերի գողության գերակշիռ մասի դեպքում, նպատակը հիմնականում դրա դիմաց գումար շորթելն է։ Գողերը համարները հանելուց հետո մեքենայի դիմապակուն հիմնականում թողնում են արտերկրում գրանցված տելեգրամյան համար, որի միջոցով հնարավոր է լինում կապ հաստատել և համարը վերադարձնելու դիմաց վճարել։

«Կապի մեջ մտանք Տելեգրամ-ի հասցեով, նշեցին պետհամարանիշի արժեքից 50 տոկոսից ցածր արժեք՝ 70 հազար դրամ ուզեցին, բանակցեցինք, ասեցին, որ 50 հազարից չեն իջնելու։ Մտածում էի գնամ, տուրքերը մուծեմ, սովորական համարանիշ ձեռք բերեմ, հաջորդ օրը ավելի նվազեցրեցին ու 25 հազար ասեցին», - պատմեց Արփինե Ավանեսյանը։

Գումարը պահանջում են փոխանցել կա՛մ էլեկտրոնային դրամապանակի, կա՛մ բիթքոինի հաշվին։ Գումարը ստանալուց հետո քարտեզով ուղարկում են համարանիշի գտնվելու վայրը։

«Շատ մոտ տարածքում էր գտնվում՝ մի քանի մետրի վրա, շատ ծանր քարի տակ էին դրել։ Էդ տարածքում եղել էինք, բայց չէինք գտել, այնքան մեծ քար էր, որ մի 3 տղամարդ հազիվ հրեցին», - ասաց Ավանեսյանը։

2020-ի ընթացքում և 2021-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն նման դեպքերով հարուցվել է 42 քրեական գործ։ Պետհամարանիշի գողության դեպքում քրեական գործ նախկինում չէր հարցվում, քանի որ այն նյութական արժեք չի համարվում, քրեական գործ հարուցվում էր այն դեպքում, երբ դրա դիմաց գումար են պահանջում, գործը հարուցվում է շորթման հոդվածով։

Նման հանցագործությունների դեմ պայքարն առավել արդյուանվետ դարձնելու նպատակով միջանկյալ լուծում է առաջարկվել՝ հարուցել քրեական գործ որպես վնաս համարելով համարանիշի ձեռքբերման արժեքը, մինչև որ նոր օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ կմտնի՝ ասում է Երևանի դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը։

«Մենք ունենք Քրեական օրենսգրքի 324-րդ հոդված, որտեղ քաղաքացու անձնագրի նույնականացման քարտի, կարևոր այլ փաստաթղթերի հափշտակության համար նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում, մենք միջոցներ ենք ձեռնարկել ցանկում նաև նախատեսելու մեքենայի պետհամարանիշը, որպես հափշտակության առարկա», - ասաց Գրիգորյանը։

Օրենսդրական փոփոխություններ են նախատեսում նաև Ոստիկանությունում՝ պատիժների խստացումից մինչև նման դեպքերի համար միջազգային փորձի ուսումնասիրում և կիրառում։ Հույս ունեն, որ այս հանցագործությունների դեմ պայքարում կմեծանա արդյունավետությունը պարեկային նոր ծառայության գործարկմամբ նաև, որը շուրջօրյա ծառայություն է իրականացնելու նաև բակերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG