Մատչելիության հղումներ

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում


Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն՝ ընդունելով Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ:

Միրզոյանն ընդգծել է՝ նկատվում է նաև ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին և այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսևորումն է վերջերս «պուրակի» բացումը:

Շիրկո Միրուեյզը բարձր է գնահատել հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման և միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարևորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարևոր դեր ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG