Կոլումբիայի քաղաքներում զանգվածային ցույցեր են և ընդհարումներ: Մարդիկ բողոք են հայտնում երկրում հարկային օրենսդրությունը փոխելու կառավարության ծրագրի դեմ:
Զայրացած բնակիչները քարեր և դյուրավառ հեղուկով շշեր՝ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետում իրավապահների և նրանց զրահապատ մեքենաների վրա: Ոստիկանները ցույցերը ցրում են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով: Ցուցարարները բարիկադներ են կառուցում:
Փորձելով մեղմել կացությունը՝ կառավարությունը խոստացել է ավելացված արժեքի հարկ չսահմանել պարենի, կոմունալ վարձերի և բենզինի վրա և չավելացնել եկամտահարկը:
Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել նախագիծը, սակայն դրանից ընդհանրապես հրաժարվել չի կարող, քանի որ հարկային օրենսդրության փոփոխությունն անհրաժեշտ է երկրի ֆինանսական համակարգը կայունացնելու և սոցիալական ծրագրերը շարունակելու համար:
Բարեփոխումներին դեմ են արտահայտվել Կոլումբիայի արհմիություններից մի քանիսը, օրենսդիրներ և տարբեր կուսակցությունների ակտիվիստներ:
Բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են մեծ թվով ցուցարարներ, առնվազն մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ: