Մատչելիության հղումներ

Թաթոյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով:

Առանց անուններ նշելու՝ Թաթոյանը մանրամասնում է՝ խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող, չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները, հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով, արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները։

Պաշտպանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ուղարկել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:

Թաթոյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը:

«Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում», - հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով՝ այս հաղորդումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:

Պաշտպանը նշում է, որ այս հարցերով վերջերս դիմել է նաև Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG