Մատչելիության հղումներ

«Արևելյան գործընկերությունը» մեկ շաբաթից կդառնա 12 տարեկան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով մասնակցում է Արևելյան գործընկերության ժողովին, արխիվ, Երևան, 18 հունիսի, 2020թ.

Եվրոպական միության հեղինակած «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մեկ շաբաթից կդառնա 12 տարեկան:

«Ծնունդդ շնորհավոր, «Արևելյան գործընկերություն», տոնախմբությունները հետաձգվել են, բայց չեն չեղարկվել». այս կարծիքն է հայտնել Եվրոպական հանձնաժողովի վերլուծաբանների խմբի անդամ, Արևմուտքի և նախկին խորհրդային երկրների հարաբերությունները հետազոտող Պավել Սլունկինը:

2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության հիմնադիր գագաթնաժողովը:

Եվրոպացիներն այդ ծրագրով ցանկացել են նպաստել Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումներին, որոնք հնարավոր կդարձնեին ինտեգրումը Միության հետ:

Ուրվագծվել է վերջնանպատակը, որը կարգավիճակով զիջել է Եվրամիության անդամությանը, բայց շատ առումներով դրան մոտ է եղել՝ Ասոցացման համաձայնագիր:

Անցած տարիների ընթացքում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան կնքել են ասոցացման պայմանագրերը, և այդ երեք երկրների քաղաքացիները ստացել են առանց վիզաների Միություն այցելելու հնարավորություն: Բելառուսի հետ վիզային ռեժիմն ավելի դյուրին է դարձել:

Իսկ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Ասոցացման պայմանագրին նախընտրել է ԵԱՏՄ-ն, բայց 2017-ի նոյեմբերի 24-ին կնքել է Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որն այս տարվա մարտի 1-ից մտել է ուժի մեջ:

Այնուամենայնիվ «Արևելյան գործընկերության» երկրների տարածքում լարվածությունը պահպանվել է, այդ բոլոր պետություններում՝ բացառությամբ Բելառուսի, կան «սառեցված» կամ «թեժ» հակամարտություններ: Ռուսաստանը վեց երկրից յուրաքանչյուրն օգտագործում է իր աշխարհաքաղաքական նպատակների համար:

«Արևելյան գործընկերությունն» ապրում է գոյության ամենաբարդ շրջանը, անցնում է քաղաքական ու մարդասիրական ճգնաժամի քավարանով և նույնիսկ պատերազմով, որի մեջ ներքաշվել են երկու հարևաններ` Հայաստանը և Ադրբեջանը:

Լեռնային Ղարեաբաղի տարածքային պատկերը կտրուկ փոխվել է, իսկ հաղթանակի արդյունքում Ադրբեջանի ավտորիտար լիդեր Իլհամ Ալիևի վարկանիշը երկրի ներսում գրանցել է աննախադեպ աճ, ինչն էլ ավելի է թուլացրել ընդդիմության առանց այն էլ տկար դիրքը:

Թուրքիան աջակցություն է տրամադրել Ադրբեջանին, և հիմա երկու երկրների միջև պատմության ընթացքում ամենասերտ հարաբերություններն են:

Հայաստանի համար պարտությունը դարձել է ազգային ողբերգություն: Մարդիկ գիտակցում են, որ գործնականում չկա տանուլ տված տարածքները վերադարձնելու հնարավորություն և դատափետում են նրան, ով 2018 թվականի «թավշյա հեղափոխության» առաջնորդն էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դեմոկրատական բարեփոխումների խորհրդանիշ Փաշինյանը շատերի աչքերում դարձել է դավաճան, ով չի կարողացել պաշտպանել հայրենիքը: Երկրում սկսվել է աննախադեպ ծանր ճգնաժամ:

Պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի վրա ազդեցություն ունեն Թուրքիան և Ռուսաստանն, իսկ Եվրամիությանը, լավագույն դեպքում, վերապահվում է հռետորի, բայց ոչ գործնական մասնակցի դեր:

Ռուսաստանը նաև վերահաստատել է Հայաստանում առանցքային դերակատարի կարգավիճակը, թեպետ 2018-ի հեղափոխությունից հետո ոմանց մոտ առաջացան պատրանքներ, թե Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա կնվազի:

12 տարի առաջ Եվրամիության և նախկին խորհրդային վեց պետությունների լիդերները երազել են ինտեգրման հուսադրող հեռանկարի մասին, այն օրվանից շատ բան է փոխվել, ինչպե՞ս են այսօր Երևանում գնահատում Արևելյան գործընկերության հեռանկարը:

Հարցն «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նա պատերազմից հետո տեսնում է վերաբերմունքի փոփոխություն՝ ի վնաս Ադրբեջանի, ինչը կապված է պատերազմը սանձազերծելու և հետպատերազմյան ագրեսիվ հռետորաբանության հետ: Արման Եղոյանի փոխանցմամբ, այդ փոփոխությունը նկատելի է ոչ միայն «Արևելյան գործընկերության» ձևաչափում, այլ ընդհանրապես ամբողջ Եվրամիությունում:

«Հիմա մենք աշխատում ենք «տրիո+» ձևաչափում՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, որտեղ «պլյուսը» Հայաստանն է, խոսքը ասոցացման պայմանագրեր կնքած երեք պետությունների և CEPA-ն ստորագրած Հայաստանի մասին է: Ես ունեմ զգուշավոր լավատեսություն, բայց այս երկրների տարբեր հետագծերը և զարգացման հեռանկարները զգացնել կտան այս ձևաչափում»,- ասել է Արման Եղոյանը:

Իսկ վերլուծաբան Պավել Սլունկինը դիպուկ գնահատականներ է տալիս բոլոր երկրների ներկայիս կացությանը:

Վրաստան` ընդհուպ մինչև վերջերս դեմոկրատացման օրինակ էր, բայց վերադառնում է ավտորիտար գործելակերպին:

Բելառուս՝ վերջին կեղծված նախագահական ընտրություններից հետո Եվրոպական միությանը մեղադրում է հեղաշրջման մեջ:

Ուկրաինա՝ Վլադիմիր Զելենսկու նախագահության օրոք ակտիվացել է պայքարը կոռուպցիայի դեմ, բայց Կիևում ղեկավարվում է «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ սկզբունքով»: Վերջին գործողությունները կասկածի տակ են դնում դեմոկրատական նվաճումները:

Մոլդովա՝ այս երկրում արևմտամետ և ռուսամետ ուժերի մշտական պայքար է և անհաշիվ արտահերթ ընտրություններ, բայց Մոլդովան ունի զարմանալի դիմադրողականություն և վստահ մերժում է ավտորիտար կարգեր հաստատելու բոլոր փորձերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG