Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման և վատնման դեպքեր


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով նրանց կողմից 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ մեկ միասնական դիտավորությամբ, յուրաքանչյուր տարի հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է կազմակերպության հաստիքացուցակները, որոնցում այդ անձինք ձևակերպված են եղել որպես կազմակերպության աշխատողներ:

Արդյունքում, ըստ հաղորդագրության, կազմակերպության բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ նշված անձանց անվամբ անհիմն դուրս է գրվել շուրջ 9 միլիոն 200 հազար դրամ գումար. այդ կերպ Կ.Հ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ նշված գումարը։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձ Կ.Հ-ն առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, կազմակերպության տարածքում գտնվող երկհարկանի շինության շուրջ 250 քմ մակերեսով տարածքը 2019 թվականի հոկտեմբերին, ամսական 80 հազար դրամ վարձավճարով, տրամադրել է Վ.Բ-ին և Ֆ.Բ-ին՝ կահույքի արտադրություն կազմակերպելու համար, որի դիմաց վերջիններս 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Կ.Հ-ին վճարել են պայմանավորված գումարը, որը նա չի մուտքագրել կազմակերպության դրամարկղ և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ շուրջ 1 միլիոն 400 հազար դրամ գումարը։

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում և խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG