Մատչելիության հղումներ

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ Հայաստանում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում


Հայաստանի Հանրապետությունում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում, հայտարարել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողների հետ հանդիպման ժամանակ։

Ներդրողներն էին նախարարի հետ հանդիպելու ցանկություն հայտնել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։

Օրերս ծառատունկի նպատակով Վանաձոր այցելած շրջական միջավայրի նախարարին բնապահպանները դիմավորել էին «Լոռին առանց հանքի» պաստառով։ Նշելով, որ վերջին տարիներին Լոռիում լայն թափով զարգանում է զբոսաշրջությունը, միևնույն ժամանակ, նոր հանքավայրերի շահագործման նպատակ ունեցող ընկերություններ են երևում մարզում՝ մարզում ակտիվ տուրիզմի ծրագրեր իրականացնող, բնապահպան Գևորգ Վարդանյանը պնդել էր՝ «Լոռիում հանքը բերելու է մարզի 75 տոկոսի կործանմանը: Թե ինչու, կարող ենք ներկայացնել հստակ փաստերով»։

Այս հանդիպմանը Պետրոսյանը վստահեցրել է՝ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։

«Ես՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ և շրջակա միջավայրի կառավարման ու պահպանության ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչության ղեկավար, ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետևողական եմ լինելու օրինականության ամրապնդման և բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը», - ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նա Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ և առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։

XS
SM
MD
LG