Մատչելիության հղումներ

Արյունալի բախումներ Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ


Բախումները Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին, 25-ը ապրիլի, 2021թ․
Բախումները Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին, 25-ը ապրիլի, 2021թ․

Արյունալի բախումներ Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին. ջրատարի շուրջ տեղացիների միջև ծագած վեճը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ, պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ՝ այդ թվում երեխա, հաղորդվում է 120-ից ավելի վիրավորների մասին։

Հարևան երկրների միջև լարվածությունը սկիզբ է առել չորեքշաբթի ուշ երեկոյան։ Տաջիկստանի սահմանապահները տեսահսկման խցիկներ էին տեղադրել սահմանին գտնվող ջրաբաշխիչ կետի մոտ, ինչին ի պատասխան՝ ղրղըզական կողմը պահանջել էր ապամոնտաժել դրանք, ապա երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։ Ըստ պաշտոնական Դուշանբեի՝ առաջինը կրակ են բացել ղրղըզ զինծառայողները, որոնք փորձել են գրավել «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետը։ Ղրղըզական կողմը տրամագծորեն հակառակն է պնդում՝ տաջիկ զինվորականներն են առաջինը կրակել։

Ժամեր շարունակված զինված բախումներից և զուգահեռ անցկացված բանակցություններից հետո ի վերջո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները հայտարարեցին հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին՝ խոստանալով ետ քաշել զորքը և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Ջրաբաշխիչ կետի պատկանելության շուրջ երկու հարևանների միջև վեճը շարունակվում է տասնամյակներ։ Տաջիկստանի և Ղրղըզստանի պետական սահմաններն անցնում են հենց այդ ջրաբաշխիչ կետի կողքով, 1968 թվականից ի վեր այն օգտագործվում է ինչպես Տաջիկստանի և Ղրղըզստանի, այնպես էլ երրորդ հարևան Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար։

Տաջիկստանն ու Ղրղըզստանը բաժանում է ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ ձգվող պետական սահման, որի կեսը սահմանազատված չէ։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG