Մատչելիության հղումներ

Դաշնակցականները պահանջում են իրավապահներից «չդառնալ իշխանությունների քաղաքական կամակատարը»


ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյան
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյան

Ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեց գլխավոր դատախազության շենքի առջև։ Դիմելով իրավապահ մարմիններին` պահանջում էին մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը։

«Հարգելի իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ընդունեք այն ամոթը, այն անարգանքը, որ ժողովուրդը հղում է ձեզ, ամոթ զգացեք և վերադարձեք և օրենքի ու օրինականության դրույթները պահեք, իսկ այդ դրույթները մեկ բանի մասին են խոսում, դուք պետք է և պարտավոր եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին», - ասաց Արծվիկ Մինասյանը։

«Քաղաքական ռեպրեսիաներով հատկապես դաշնակցականներին, հայրենիքի փրկության համար ոտքի կանգնած ժողովրդին անկարելի է լռեցնել, - հավելեց ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը։

Նախորդ՝ ապրիլի 22-ին դատախազության առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ընդդիմադիրները պահանջում էին ազատ արձակել Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով ձերբակալված անձանց։ Ակցիայի ընթացքում բախումներ տեղի ունեցան մասնակիցների և ոստիկանների միջև, ըստ իրավապահների՝ եղավ շենք ներխուժելու փորձ։ Քաղաքացիներից ոմանք ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո էլ ոստիկանները տասնյակից ավելի քաղաքացիների բերման ենթարկեցին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հոդվածով, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգը պահպանող անձին դիմադրություն ցույց տալով, կա կալանավորված անձ։

Այս գործի առնչությամբ այսօր էլ մինչև ակցիան Դաշնակցության անդամներից մի քանիսը Քննչական կոմիտե հարցաքննության էին հրավիրվել: «Սա կազմակերպված ակնհայտ քաղաքական հետապնդում է», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը` շարունակելով. - «Սա որևէ կերպ չի կասեցնելու պայքարը: Որովհետև խոսքը չի գնում այս կամ այն անձի զուտ իրավունքի ապահովման մասին, խոսքը գնում է հայրենիքի փրկության դուրս եկած մարդկանց պայքարը կասեցնելու, ջարդելու կամ ընթացքը կասեցնելու մասին, որը վստահաբար չի հաջողվում: Ավելի լավ է` իրենք գիտակցեն, հասկանան, որ ինչքան շուտ կանգնեն արժանապատիվ քաղաքացու կողքին, արժանապատիվ հայի կողքին, պետականության կողքին, այլ ոչ թե ծառայեն հայրենիքը դավաճանածի, հայրենիքը հանձնածի, բազմաթիվ պետական հանցագործությունների համար ապագայում մեղադրվող և դատապարտվող անձի կողքին, պետք է կանգնեն այսօր արժանապատվության կողքին»:

Գերասիմ Վարդանյանի խոսքով. «Եթե մտածում են, որ սրանով մեզ հետ են կանգնեցնելու, մեզ վախեցնելու են, շփոթվում են, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, ցանկացած գործողության, ես այս ամեն ինչը դիտարկում եմ որպես քաղաքական ճնշումներ»:

«Գրել եմ հետևյալը` հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021 թվականի ապրիլի 22-ին դիմակավորված մարդիկ նվաստացրել, արժանապատվությունից զրկել են արցախյան երեք պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխեցի Արարատին, և այդ գործողությունները կարող էին անել միայն թուրքերը, և որևէ մեկը դիմակավորված անձանց ձեռքը չի բռնել, դեռ ավելին` նրանք կատարել են Փաշինյանի հանձնարարականները, ես չեմ համարում սա հայրենի իրավապահ համակարգ և ցուցմունք տալուց հրաժարվում եմ», - լրագրողներին ասաց Գեղամ Մանուկյանը:

XS
SM
MD
LG