Մատչելիության հղումներ

Ինձ համար մեծ ուրախություն է առաջին անգամ համագործակցել Խուան Անտոնիո Ռամիրեսի հետ. Նարեկ Հախնազարյան


Հայ երաժշտասերները միշտ անհամբերությամբ են սպասում հայաստանյան լավագույն թավջութակահարներից Նարեկ Հախնազարյանի կատարումներին, որոնք էլ կհնչեն ապրիլի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կայանալիք համերգի ընթացքում՝ հանրահայտ իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ:

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող Նարեկ Հախնազարյանը նշեց. «Շատ հետաքրքիր համերգ է և յուրահատուկ ինձ համար, որովհետև առաջինը` Կամերային նվագախմբի հետ ես շատ վաղուց ելույթ չեմ ունեցել՝ պատանի տարիքից: Այս դահլիճում շատ վաղուց ելույթ չեմ ունեցել, որը ես շատ սիրում և որում կարելի է ասել մեծացել եմ, որովհետև հայրիկս և մայրիկս այստեղ հարյուրավոր անգամ նվագել են: Ինձ համար մեծ ուրախություն է և ոգևորվածություն առաջին անգամ համագործակցել Խուան Անտոնիո Ռամիրեսի հետ, որը ֆանտաստիկ անձնավորություն է և հիանալի դիրիժոր: Ինձ թվում է, որ դա մեծ իրադարձություն է, որ ինքը եկել է Հայաստան»:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում, ներկայացնելով համերգային ծրագիրը, իսպանացի անվանի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը շեշտեց, որ այս երաժշտությամբ ցանկանում է մեր կյանքն ավելի լավը դարձնել:

«Կարծում եմ, որ շատ հատուկ ծրագիր է, որովհետև այս համերգի ժամանակ այն պահից, ինչ մտնում ենք դահլիճ, մինչև դուրս գալը, ներքին շատ ապրումներ ենք ունենալու: Մի երաժշտություն է հնչելու, որը տարբեր տեսակի հույզեր է արթնացնում: Սկսելու ենք մի իսպանական ստեղծագործությամբ, որը ինձ համար շատ մեծ կարևորություն ունի, որովհետև շատ զգայուն գործ է», - ասաց անվանի դիրիժորը:

Խուան Անտոնիո Ռամիրեսը առաջին անգամ է հանդես գալու Նարեկ Հախնազարյանի հետ, բայց ասում էր, որ այնպիսի զգացողություն ունի, որ մի ուրիշ կյանքում նրա հետ նվագել է. «Նվագելու ենք հավանաբար աշխարհի կարևորագույն մենակատարներից մեկի հետ
: Այդ մենակատարը կատարումներ է ունեցել աշխարհի ամենակարևոր համերգասրահներում, նա Հայաստանի դեսպաններից մեկը լինի աշխարհում»:

Հավելենք, որ թե՛ դիրիժորը, թե՛ Նարեկ Հախնազարյանը հույս ունեն, որ մարդկությունն ի վերջո կհաղթահարի այս համավարակը և կրկին աշխարհի բեմերը բաց կլինեն թե՛ երաժիշտների, թե՛ երաժշտասերների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG