Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարում է՝ Բաքուն դեռ չի կատարել եռակողմ հայտարարության այն կետը, որը վերաբերում է ռազմագերիների վերադարձին


Կազանում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ է», - Կազանում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը շեշտել է, որ շարունակվում են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները, սրա հետ մեկտեղ նշելով, թե Բաքուն չի կատարում է եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

«Բայց ես ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետ, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների վերադարձին», - Միշուստինի հետ հանդիպմանը ասել է Փաշինյանը, սրա հետ մեկտեղ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին այն ջանքերի համար, որ ձեռնարկում է գերիների վերադարձի հարցը լուծելու համար։

Իր հերթին Ռուսաստանի վարչապետը Փաշինյանին փոխանցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնը և նշեց, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, դրանք ունեն երկարաժամկետ դաշնակցային և ռազմավարական բնույթ. «Ես առաջին հերթին կցանկանայի ձեզ ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից»:

Միշուստինը նաև նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:

«Սա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար», - հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

Ճանապարհների ապաշրջափակման կարևորության մասին խոսելիս Միշուստինի հետ հանդիպմանը Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ապաշրջափակումը կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի համար: Ճանապարհների բացումը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսքով, թույլ կտա վերականգնել կապը Պարսից ծոցի և Սև ծովի, Պարսից ծովի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև կարող է կարևոր գործոն դառնալ Եվրասիական տնտեսական միության զարգացման համար:

Կազանում այսօր մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հավաքը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի այս հավաքի հիմնական ինտրիգը Ադրբեջանի վարչապետի հնարավոր մասնակցությունն էր։ Սակայն պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ այսօրվա հավաքին ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում, բացի անդամ պետությունների վարչապետներից, նիստին մասնակցում են ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Կուբայի, Մոլդովայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրեր Տաջիկստանից և Թուրքմենստանից։

Հավելենք նաև՝ այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կայցելի Երևան, իսկ մայիսի 10-11-ին` Բաքու:

XS
SM
MD
LG