Մատչելիության հղումներ

Դատարան է ուղարկվել առանձնապես խոշոր չափերով գույքեր չհայտարարագրելու վերաբերյալ առաջին քրեական գործը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Դատախազությունը հաղորդում է պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի կողմից հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը դատարան ուղարկելու մասին։ Գործով մեղադրանքներ են առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն։

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Hetq.am-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով անցած տարվա փետրվարի 12-ին Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը») հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ Հ. Դ.-ն, 2018 թվականի հունիսի 20-ից մինչև 2019-ի հունվարի 14-ը հանդիսանալով Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն, 2018-ի հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019-ի հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ Հ․Դ․- որդին՝ Ա.Դ-ն ևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018-ի հայտարարագրում չի հիշատակել գույքեր ու դրամական միջոցներ։

Հ.Դ.-ին և Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսօր քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG