Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը Իսրայելին մեղադրում է պաղեստինցիների և իսրայելի արաբ բնակչության հանդեպ ապարտեիդի ու հետապնդումների քաղաքականություն վարելու մեջ, որը հավասարազոր է մարդկության դեմ հանցագործության։
Իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, այսօր հրապարակել է 213 էջանոց զեկույց, նշելով, որ զեկույցի նպատակը ոչ թե Իսրայելին ապարտեիդի ժամանակաշրջանի Հարավային Աֆրիկայի հետ համեմատելն է, այլ գնահատել կոնկրետ գործողությունների ու քաղաքականության համապատասխանությունը միջազգային օրենքով սահմանված ապարտեիդի հասկացությանը։
Պաղեստինյան Ազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար քարտուղար Մուստաֆա Բարղուտին ողջունել է զեկույցը, իսկ Իսրայելի արտգործնախարարությունը մերժել է զեկույցի պնդումները` դրանք համարելով աբսուրդ և կեղծ։ Իսրայելի արտգործնախարարությունը մեղադրել է իրավապաշտպան կազմակերպությանը հակաիսրայելական օրակարգի համար, պնդելով, որ Human Rights Watch -ը տարիների ընթացքում Իսրալեի դեմ բոյկոտի քաղաքականություն է վարում։
Human Rights Watch -ը իր զեկույցում, որպես ապարտեիդի օրինակ, նշել է Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի բռնազավթումը և 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ օկուպացված պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցումը։
«Ամբողջ Իսրայելով մեկ ու պաղեստինյան տարածքներում, Իսրայելի իշխանությունները հետապնդում են պաղեստինցիների հանդեպ գերակայություն պահպանելու քաղաքականություն՝ վերահսկողություն սահմանելով հողերի և ժողովրդագրական իրավիճակի վրա՝ ի օգուտ Իսրայելի հրեաների»,- նշված է ապրիլի 27-ին հրապարակված զեկույցում:
Դրա հիման վրա Human Rights Watch-ը եզրահանգում է, որ Իսրայելի իշխանությունները իրականացրել են մարդկության դեմ հանցագործություն՝ ապարտեիդի ու հետապնդումների տեսքով, որը սահմանված է 1973 թվականի Ապարտեիդի կոնվենցիայուվ ու 1998 թվականի Հռոմի փաստաթղթերով։