Մատչելիության հղումներ

Ուրուգվայի բոլոր ռադիո- և հեռուստաալիքներով հեռարձակվել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության ուղերձը


«Հայ ժողովրդի ցեղասպանություն» անունը կրող հրապարակը մայրաքաղաք Մոնտեվիդեոյում

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժե Պոուի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով երեկ երեկոյան երկրում գործող բոլոր ռադիո- և հեռուստաալիքներով պարտադիր ու միաժամանակ հեռարձակվել է գործադիր իշխանության հատուկ ուղերձը: Այն ընթերցել է Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարար Պաբլո Դա Սիլվեյրան:

Նա ընդգծել է՝ 50 տարի առաջ Ուրուգվայը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում զոհվել են մեկուկես միլիոն հայեր, և որը եղել է առաջինն ու դժբախտաբար ոչ վերջինը 20-րդ դարում:

«Մեր պետության համար հայ դատի պաշտպանությունը համահունչ է երկրի պատմական դիրքորոշումներին՝ կապված իրավական կարգի, մարդու և ինքնորոշման իրավունքների պաշտպանությանը», - ընդգծել է իշխանության ներկայացուցիչը:

Նախարար Դա Սիլվեյրան բարձր է գնահատել ցեղասպանության հետևանքով ձևավորված հայ համայնքի անդամների բազմաշերտ ներդրումը երկրի զարգացման գործում՝ նշելով. - «Նրանք դարձել են մեր ընդհանուր տան՝ Ուրուգվայի հիմնասյուները»:

Գնահատելով այս աննախադեպ քայլը՝ մեկնաբանները նշել են, որ և՛ ուղերձում, և՛ դրա հետ կապված բոլոր փաստաթղթերում օգտագործվել է ցեղասպանություն բառը, սակայն Թուրքիայի մասին հիշատակում չկա:

Ապրիլի 24-ին Covid-19-ի համավարակի պատճառով Ուրուգվայի հայ համայնքում չեն իրականացվելու ավանդական միջոցառումները, այլ միմիայն լինելու են առցանց մշակութային և տեղեկատվական ձեռնարկներ:

XS
SM
MD
LG