Պենտագոնը Թուրքիային պաշտոնապես տեղեկացրել է F-35 տեսակի հինգերորդ սերնդի մարտական օդանավերի արտադրության ծրագրից այդ երկիրը դուրս հանելու մասին:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեսիքա Մաքսվելի փոխանցմամբ, որոշումը կապված է S-400 (C-400) տեսակի ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգեր գնելու Անկարայի որոշման հետ:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, S-400-ները համատեղելի չեն F-35 օդանավերի հետ, դրա առնչությամբ էլ Թուրքիան դուրս է բերվում ծրագրից»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մաքսվելը:
Վաշինգտոնը Թուրքիայից զատ, F-35 օդանավերի համատեղ արտադրման մասին պայմանագրեր է կնքել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդերլանդների և Նորվեգիայի հետ:
Eurasia Group հետազոտական-խորհրդատվական ընկերության ղեկավար Իեն Բրեմերի փոխանցմամբ, ներկայումս թուրք-ամերիկյան հարաբերությունների ամենացածր մակարդակն է անցած 50 տարվա ընթացքում:
«Ամերիկացիները թուրքերին դուրս են հանում օդանավերի ծրագրից, նախագահ Ջո Բայդենն առայսօր չի զանգահարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իսկ շաբաթ օրն էլ, ամենայն հավանականությամբ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօրինակ վատ հարաբերություններ Վաշինգտոնի և Անկարայի միջև 1974 թվականից չի եղել»,- հայտարարել է Բրեմերը:
1974 թվականի հուլիսին Թուրքիան զորք է մտցրել Կիպրոս և հսկողության տակ է վերցրել թուրքաբնակ հատվածը, որը կղզու տարածքի 37 տոկոսն է կազմում: Հետագայում՝ 1983 թվականին, այնտեղ հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը, որն աշխարհում միայն Անկարան է ճանաչել: