Մատչելիության հղումներ

Մենք էլ կորուստների տեղ չունենք. Էդվարդ Թոփչյան


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մենակատարների հետ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ ապրիլի 23-ին ուշ երեկոյան Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կկատարեն Ջուզեպպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը», որը կհնչի նաև ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ունենք էդպիսի տրադիցիա արդեն շատ վաղուց, որ ամեն ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի օրը, մեր անմեղ նահատակների հիշատակին ռեքվիեմ ենք կատարել միշտ, այսինքն՝ աղոթք նրանց հոգու հանգստության համար։ Եվ ամեն անգամ տարբեր ռեքվիեմներ են եղել։ Մի քանի անգամ Վերդին էլ է եղել, և էս անգամ էլ կլինի Վերդի։ Որոշենք, որ ամսի 25-ին մեր դահլիճում անենք, որպեսզի մեր այս աշխատանքը երևա և մենք էլ հաճույք ստանանք Վերդիի գերհանճարեղ երաժշտությունից։ Եվ մեր ունկնդիրն էլ հնարավորություն ունենա վայելել Վերդիի «Ռեքվիեմը», մի ստեղծագործություն, որ մարդկությունը ավելի լավ բան չի ստեղծել։ Եվ կարծում եմ, որ ավելի քան համահունչ է ապրիլի 24-ի կապակցությամբ», - այսօր գլխավոր փորձից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։

Էդվարդ Թոփչյանը հրաշալի մենակատարների է հրավիրել՝ սոպրանո Ռուզաննա Մանթաշյանին, մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովային, տենոր Լիպարիտ Ավետիսյանին և բաս Եվգենի Ստավինսկուն:

«Մենակատարները մեկը մեկից լավ, բոլորը աշխարհահռչակ, առաջին մեծության երգիչներ են։ Մեծ հաճույք է էսպիսի երաժիշտների հետ էսպիսի կարևորագույն և պատասխանատու գործը փորձել բարձրացնել», - նշեց Թոփչյանը։

Ինչ վերաբերում է ծերունազարդ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ համագործակցությանն, ապա Էդվարդ Թոփչյանն այն չափազանց բարձր է գնահատում․ - «Մենք մաեստրո Չեքիջյանի հետ կարողացել ենք արդեն 2001 կամ 2002 թվից անընդհատ միասին քայլել և իրար կողք լինել, շատ համատեղ պրոեկտներ անել։ Սրանից, կարծում եմ, շահում ենք և՛ մենք՝ երաժիշտներս, և՛ ամբողջ հայ երաժշտասեր հասարակությունը։ Որովհետև կապելլայի պես հրաշք կոլեկտիվը և Հայաստանի ֆիլհարմոնիկի պես նվագախումբը անպայման պիտի միշտ իրար կողք լինեն։ Ես ուրախ եմ, որ դա մեզ հաջողվել է։ Շնորհակալ եմ մաեստրո Չեքիջյանին»։

«Ազատության» հարցին, թե անձամբ իր համար այս տարի ինչ խորհուրդ ունի Հայոց ցեղասպանության տարելիցը, Էդվարդ Թոփչյանը պատասխանեց․ - «Ամբողջ դժբախտությունը նա է, որ մենք չենք դադարում ցեղասպանվել և պակասել և կորցնել։ Խորհուրդը, պարզ է, բոլորիս համար նույնն է, բայց ես այսօր ուզում եմ կոչ անել, որ այլևս ոչ մի հայ պատերազմներում, կռիվներում, ցեղասպանություններում չզոհվի։ Ես կարծում եմ, որ բոլոր լիմիտները մենք սպառել ենք և այլևս պետք է ապրենք։ Եվ մեր հիմնի մեջից էլ պետք է հանենք այն նախադասությունը, որ երանի նրան, որ կզոհվի իր ժողովրդի ազատության, երկրի․․․ էդպես բան չկա։ Երկրում պետք է ապրել, Հայաստանում պետք է ապրել։ Բոլոր հայերը Հայաստանում պետք է ապրեն և էնպես պետք է ապրեն, որ մյուս հայերն էլ վերադառնան նորից Հայաստան։ Անընդհատ մեզ թվում է, որ ինչ-որ բանի համար կարելի է զոհվել։ Չկա, չպիտի զոհվի ոչ մի հայ այլևս։ Էն էլ էս կորուստները, որ մենք ունեցանք, որ մինչև հիմա պատկերացնելու չի, և երբևէ չպիտի հաշտվենք դրա հետ։ Մենք էլ կորուստների տեղ չունենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG