Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է Ստեփանակերտի տներից մեկի ուղղությամբ, հաղորդում է Արցախի ՆԳՆ-ը


Լուսանկարը՝ Արցախի ՆԳՆ-ի
Լուսանկարը՝ Արցախի ՆԳՆ-ի

Ադրբեջանական կողմը կրակել է Ստեփանակերտի բնակելի տներից մեկի ուղղությամբ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ կրակոցի հետևանքով Վաղարշյան հասցեում գտնվող տներից մեկի տանիքն է ծակվել։

«Ոստիկանության քրեական հետախուզության քննիչներն անմիջապես գնացել են այնտեղ, լուսանկարել են տեղանքը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր», - ասաց Թադևոսյանը։

Տանը վարձակալությամբ Շուշիից տեղահանված ընտանիք է բնակվում։ Ընտանիքի հայրը՝ Խաչատուր Մունչյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ կրակոցի ժամանակ տանն ինքը և 6 ու 7 տարեկան տղաներն են եղել։ Ինքը կրակոցի ձայնը չի լսել։ Խաչատուրի խոսքով՝ ադրբեջանական դիրքերն իրենց տնից մոտ 4 կմ հեռավորության վրա են։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ հայկական կողմը տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը։

Մամուլում տեղեկություններն են շրջանառվում, որ ադրբեջանական կողմը նաև ինտենսիվ կրակոցներ է արձակել Շոշ, Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։ Թադևոսյանն ասաց, որ այդ մասով ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել, սակայն Ներքին գործերի նախարարությունում նյութեր են նախապատրաստվում։

«Ազատությանը» Շոշ և Մխիթարաշեն համայնքների ղեկավարները հայտնեցին, որ իրենց մոտ, չնայած հրադադարին, կրակոցների ձայներ գրեթե ամեն օր են լսվում։



XS
SM
MD
LG