Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի ստորաբաժանումների կողմից արձակված հրթիռը պայթել է Իսրայելի հարավում։ Այս մասին տեղեկացնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ սիրիական հրթիռը պայթել է Նեգև անապատի անմարդաբնակ շրջաններից մեկում՝ Դիմոնայի միջուկային ռեակտորից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Ավերածությունների և զոհերի մասին որևէ տեղեկություն չկա։
«Սիրիայի կողմից ձեռնարկված այս գործողությանն ի պատասխան՝ իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին, ոչնչացնելով նաև հրթիռային այն համակարգը, որ կիրառվել էր Իսրայելի դեմ հարձակման ընթացքում», - հաղորդում են արևմտյան աղբյուրները։
Սիրիայի իշխանությունները հաստատել են իսրայելական հարվածների մասին տեղեկությունները՝ նշելով, որ դրանց ընթացքում չորս զինծառայող է վիրավորվել։ «Իսրայելից արձակված հրթիռների մեծ մասը, սակայն, վնասազերծվել է», - պնդում են Սիրիայի զինված ուժերին մոտ կանգնած աղբյուրները։