Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը վկայում է ռուս-թուրքական համագործակցության ամրապնդման մասին. վերլուծաբան  


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան

Նախորդ օրերին ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության դիրքորոշումը վկայում է, որ ռուս-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունը, որն ակնառու էր 44-օրյա պատերազմի ժամանակ, ձեռք է բերում երկարատև բնույթ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Դա նշանակում է, որ Ռուսաստանն այսօր էլ շարունակում է այն քաղաքականությունը, որը մենք տեսանք պատերազմի ժամանակ։ Ռուսաստանը ակտիվ համագործակցում է Թուրքիայի հետ ու լուծում է հարցերը մեր տարածաշրջանում Թուրքիայի հետ առաջին հերթին, ու աջակցում է Ադրբեջանին։ Դա մենք տեսանք պատերազմում ու հիմա դա տեսանք ԵԽԽՎ-ում։ Ինձ համար ինչ-որ չափով դա սպասելի էր, քանի որ մեծ պետությունների, գերտերությունների քաղաքականություն չի փոխվում մի օրում, մի շաբաթում։ Ոնց Ռուսաստանը Թուրքիայի հետ աջակցում էր Ադրբեջանին պատերազմի ժամանակ, հիմա էլ աջակցում էր ԵԽԽՎ-ում», - նշեց Գրիգորյանը։

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի պատվիրակության անդամներից որևիցե մեկը ոչ միայն կողմ չքվեարկեց, որպեսզի հայ ռազմագերիների հարցը քննարկվի խորհրդարանական վեհաժողովում (ռուսաստանյան պատվիրակության 12 անդամներից 5-ը դեմ արտահայտվեցին, իսկ 7-ը՝ ձեռնպահ), այլև երեկ կայացած քննարկումների ժամանակ ռուսաստանյան որևէ պատվիրակ ելույթ չունեցավ, թեև երեկ «Ազատության» հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ խորհրդարանական վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ զրույցի ժամանակ ռուսաստանցին հավաստիացրել էր, թե Ռուսաստանի պատվիրակության անդամները համապատասխան ելույթներով կվերահաստատեն իրենց դիրքորոշումը, ըստ որի, հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն։

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ-ում ռուսաստանյան գրեթե ողջ պատվիրակությունը նաև դեմ արտահայտվեց, որ «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» հարցը վեհաժողովում դառնա քննարկման առարկա, ինչին դեմ է նաև պաշտոնական Անկարան։ Այս հարցի քվեարկության ժամանակ Ռուսաստանի 14 հոգանոց պատվիրակությունից 13-ը դեմ են եղել, մեկը՝ ձեռնպահ։

Ստեփան Գրիգորյանը, ով 1995-1998 թվականներին ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան ընդլայնում են իրենց համագործակցության օրակարգը՝ ձգտելով մենաշնորh հաստատել տարածաշրջանային հարցերի լուծման գործում և խոչընդոտելով դրանց արծարծումը միջազգային լայն հարթակում։․ - «Նույնիսկ ԵԽԽՎ-ում, որտեղ ի վերջո ոչ թե կառավարություններն են քվեարկում, այլ պառլամենտի անդամները, նույնիսկ այստեղ մենք տեսանք ռուս-թուրքական համատեղ մոբիլիզացիա։ Այսինքն՝ Ռուսաստանը դեմ էր, որ Թուրքիայի հարցերը քննարկվեն ու քվեարկեց դեմ, որպեսզի Թուրքիայում մարդու իրավունքների հարցերը մտնեն օրակարգ, ու դեմ քվեարկեց ռազմագերիների հարցով․․․ Այո, մենք տեսնում ենք, որ ավելի լայն է այդ համագործակցությունը։ Ինձ միայն մեկ բան զարմացրեց․ դուք գիտեք, որ պառլամենտի անդամները այնուամենայնիվ ունեն ինչ-որ ազատությունների աստիճան՝ որոշակի։ Ինչքան էլ մենք չենք ասում, որ Ռուսաստանի պատվիրակությունը, կոպիտ ասած, կառավարության հետ սերտ աշխատում է, այնուամենայնիվ էնտեղ կան ընդդիմադիր ֆրակցիաներ, ասենք՝ Ժիրինովսկու, կոմունիստների, «Սպրավեդլիվայա Ռոսիայի»․․․ գոնե մեկ-երկու պատգամավոր կարող էին ի օգուտ մեզ քվեարկեին, բայց մենք դա չտեսանք։ Դա նշանակում է, այո, այդ ստրատեգիկ համագործակցությունը շարունակվում է Թուրքիայի ու Ռուսաստանի միջև»։

Ռուսաստանցի պատգամավորը կեղծել է իրականությունը

Թե Ռուսաստանի պատվիրակությունը ինչու որոշեց չաջակցել, որպեսզի ԵԽԽՎ-ում քննարկվի հայ ռազմագերների հարցը, կեղծ տեղեկություն է հայտնել դեմ քվեարկած պատվիրակներից մեկը՝ Պետդումայի իշխող Единая Россия խմբակցության պատգամավոր Սերգեյ Պախոմովը։

Սերգեյ Պախոմով
Սերգեյ Պախոմով

Instagram-ի իր էջում նախ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ԵԽԽՎ-ում ինչու է դեմ քվերակել հայ ռազմագերիների հարցը քննարկման առարկա դարձնելու առաջարկին՝ Պախոմովը գրել է. - «Այդ հարցով քվեարկության ժամանակ [ռուսաստանյան] ողջ պատվիրակության մոտ առաջացավ տեխնիկական խափանում։ Մենք նույնպես շատ չենք հավատում զուգադիպությանը։ Ներկայացրել ենք համապատասխան հայտարարություն»։

Այս գրառումներից արդեն անցել է մեկ-երկու օր, ու մի օգտատիրոջ առաջարկին՝ հրապարակել նշված հայտարարությունը, Պախոմովը առայժմ զերծ է մնացել։

«Այո՛, մենք ողջ պատվիրակությամբ [իրականում] ձեռնպահ ենք [քվեարկել հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ում քննարկման առարկա դարձնելուն]։ Իսկ ինչի՞ց եք զգուշանում։ Տեսեք հարցի ամբողջական տեքստը, որի վերաբերյալ տեղի ունեցավ քվեարկությունը, և ոչ թե պոկեք առանձին մի նախադասություն։ Եթե կարծում եք, որ տեղի ունեցածը ջնջում է այն, ինչ Ռուսաստանը անում է Հայաստանի համար, ձեր իրավունքն է»,- Instagram-ի իր էջում շարունակել է ռուս պատգամավորը։

Նույն օգտատերը հարցրել է Սերգեյ Պախոմովին. - «Ճի՞շտ ենք հասկանում, որ քվեարկությունն ընթացել է միմյանց հետ կապ չունեցող մի շարք հարցերի վերաբերյալ։ Առանձնաբար դուք չե՞ք քվերակել հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ»։ Ռուսաստանցի պատգամավորը պատասխանել է. - «Ոչ, իհարկե, առանձին այդ հարցը չի եղել»։

Պախոմովը, փաստորեն, ստում է, որովհետև հայ ռազմագերիների հարցը ապրիլի 19-ին առանձին քվեարկվեց ԵԽԽՎ-ում, և անձամբ Սերգեյ Պախոմովը դեմ է քվեարկել, որպեսզի հարցը քննարկվի վեհաժողովում։

XS
SM
MD
LG