Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները, ներառյալ ՀՖՖ-ն դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը


ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսին, որին մասնակցել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, այսօր ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Նա առաջարկել է ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկել են տեքստի ընդունման օգտին:

Տեքստը ներկայացնում ենք ստորև.

«ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաները և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցները դատապարտում են այսպես կոչված «Սուպերլիգայի» վերաբերյալ հայտարարությունը: ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն անդրդվելի է այն հարցում, որ փակ «Սուպերլիգան» հակասում է եվրոպական հայեցակարգին, որն է՝ միասնական, բաց, միմյանց աջակցող, սպորտային արժեքների վրա հիմնված: ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները հավատում են իրական եվրոպական մոդելին, որը հիմնված է բաց մրցաշարերի, սոլիդարության և միջոցների այնպիսի բաշխման վրա, որն ապահովում է ֆուտբոլ խաղի կայունությունը և զարգացումը բոլորի համար և եվրոպական արժեքների ու սոցիալական արդյունավետության խթանումը:

Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է այն փաստը, որ նրանց այսօրվա կարգավիճակը ձեռք չի բերվել մեկուսացման պայմաններում։ Այն եվրոպական դինամիկ համակարգի մի մասն է, որտեղ թե՛ մեծ և թե՛ միջին ու փոքր ակումբները իրենց լուման են ունեցել բոլորի հաջողություններում և ձախողումներում։ Բոլորից առանձնանալու և բոլորի կողմից ստեղծված ժառանգությունը սեփականաշնորհելու նախաձեռնությունն անարգանք է եվրոպական, ինչպես նաև մարզական արժեքների նկատմամբ»։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ՈՒԵՖԱ-ն և իր անդամ կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ամուր կանգնած են իրենց դիրքերում և բոլոր հնարավոր միջոցներով կպայքարեն վերոնշյալ ակումբների սեփականատերերի և նրանց հովանավորների այս քայլի դեմ.

«Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած, ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ»:

Հիշեցնենք` այսպես կոչված «ապահարզանի» մասին պաշտոնապես հայտարարվեց 2 օր առաջ․ եվրոպական ֆուտբոլի 12 լավագույնները՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը, իսպանական «Ռեալ»-ը (Մադրիդի), «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն, ինչպես նաև իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ն ու «Յուվենտուս»-ը հայտարարեցին, թե հիմնում են նոր մրցաշար՝ «Սուպերլիգա»։ Ակնկալվում է, որ առաջիկայում նրանց կմիանա ևս երեք ակումբ, ըստ այդմ՝ նոր մրցաշարը կունենա 15 հիմնադիր անդամ, որոնք մշտապես կմասնակցեն խաղերին, ևս հինգ մասնակից էլ կընտրվի որակավորման փուլի արդյունքում։

XS
SM
MD
LG