Մատչելիության հղումներ

Ինչի՞ երեխան չտեսնի երկրի վարչապետին․ Գետափի դպրոցի տնօրեն


Վարչապետ Փաշինյանի հանդիպումը Վայոց Ձորի Գետափ համայնքի բնակիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շաբաթօրյա մարզային այցերի մասին թեև նախօրոք չի հայտարարվում, բայց, օրինակ, Վայոց Ձորի համայնքներ այցից մեկ օր առաջ բնակիչները արդեն տեղեկացված էին այդ մասին։

«Այո, գնացել էինք գյուղամեջ, երեխաներին տոպրակներ է տվել, կոնֆետներ․․․ Գնացել ա զոհվածների հուշարձան», - «Ազատությանն» ասաց մի կին։

Հարցին, թե որտեղից եք իմացել, որ այց է լինելու, արձագանքեց․ - «Դե բոլորն ասում էին»։

«Ժողովուրդը մեկը մեկին ասում էին, տեղյակ էին պահել, որ պըտի Փաշինյանը այցելության գա», - հավելեց նրա համագյուղացի մի տղամարդ։

Մեկ այլ տղամարդ ասաց․ - «Հայտարարություն կար։ Գյուղից հայտարարել էին, որ մասնակցեք»։

Շաբաթ օրը Փաշինյանը եղել էր մարզի Գետափ, Զառիթափ և Ռինդ համայնքներում, քաղաքական ելույթներ ունեցել։ Վարչապետի հետ հանդիպումներին ներկա էին նաև դպրոցահասակ երեխաներ։ Աշակերտներից ոմանք թեև նշում էին, որ իրենց տնօրենն ու փոխտնօրենն են տեղեկացրել, սակայն Գետափի միջնակարգ դպրոցի տնօրեն Մայիս Նազարյանը երեխաների մասնակցությունը մեկնաբանելու իր տարբերակն ուներ․ - «Մենք ապրում ենք գյուղում, և ինֆորմացիան շատ արագ ծնողներից հասնում է երեխաներին։ Հետո ինչի՞ չտեսնի երկրի վարչապետին, չճանաչի՞։ Ինձ թվում է, որ անհրաժեշտություն կա. Երեխան լսում է, տեսնում է հեռուստացույցով, բայց առկա տեսնել վարչապետին, ինչու չէ, նաև ձեռքը սեղմել։ Ես դրա մեջ բացարձակ վատ բան չեմ տեսնում»։

Նիկոլ Փաշինյանը Զառիթափում մոտ 30 րոպե ելույթ ունեցավ, հնչեցին քաղաքական հայտարարություններ, սակայն համայնքի խնդիրների մասին գրեթե խոսք չեղավ։ Իսկ այստեղ խնդիրները բազմաթիվ են։

«Համայնքի վիճակը շատ տխուր է», - ասում է բնակիչներից մեկը. – «Ինչի՞ հարևանը գազ վառի, ես չվառեմ։ Ես էլ փոքր էրեխաներ ունեմ, չլողնա՞ն։ Գյուղի համարյա 60 տոկոսը խողովակներն անցկացրած ա, գազի միացում չկա։ Գործ չկա, գյուղից սաղ էլ փախել են։ Գյուղից 30 ջահել արդեն գնացած ա Ռուսաստան։ Եթե էդպես մնա, ես էլ կփախնեմ»։

Զառիթափ համայնքի ղեկավարն ասում է, որ խնդիրներն անվերջ են, թվարկում է մեկը մյուսի հետևից։

Ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոստումներ ևս եղել են. – «Անմիջապես նախարարի հետ մեր սուբվենցիոն ծրագրերի մասին խոսեցինք։ Նախարարը խոստացավ, որ շատ արագ էս տարվա մեր սուբվենցիոն ծրագրերը կյանքի կկոչվեն»։

Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների 12-օրյա քարոզարշավը, ըստ էության, պաշտոնապես հունիսի սկզբին կսկսվի։ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, դեռ մարտի կեսին սկսեց մարզային հանդիպումները։ Որից հետո քաղհասարակությունը, ընդդիմադիրները ահազանգեցին՝ վարչապետը վարչական ռեսուրս է չարաշահում։ Չհայտարարված այցերից հետո վարչապետի աշխատակազմը տեսանյութեր է տարածում։

XS
SM
MD
LG