Բորիս Ավագյանին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը, այսօր կրկին նման պարզաբանում է տարածել ԱԻՊԾ-ն։
Ըստ ծառայության՝ Բորիս Ավագյանը հանրային հարթակում խոսել է այնպիսի թեմաներից, որի հետ իր զբաղեցրած պաշտոնը բացարձակապես որևէ կապ չունի։ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ այդ թեմայով որևէ քննարկում կամ մտքի փոխանակում չի ունեցել։ Ավելին, նույնիսկ իր ղեկավարությանը չի տեղեկացրել տվյալ միջոցառմանը իր մասնակցության մասին:
Ծառայությունը նշում է, որ ԱԻՊԾ յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպում միայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում՝ ընդգծելով՝ Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։
«Ուստի, նա հերթական անգամ է խախտել աշխատանքային կանոնները, որի պատճառով ՆԳ նախարարի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից», - ասված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ գերիների վերաբերյալ խորհրդարանում երեկ կազմակերպված քննարկումից ժամեր անց Բորիս Ավագյանն պազատվեց պաշտոնից։
Արցախի ներքին գործերի նախարարությունից պարզաբանեցին՝ «Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից, ավելին՝ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը»։