Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն առաջարկում է Սահմանադրությունում փոխել կառավարության անդամին ներկայացվող պահանջները


«Լուսավոր Հայաստան»-ը (ԼՀԿ) նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ստանալու ժամկետից և Հայաստանի Հանրապետությունում բնակության ժամանակահատվածի տևողությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Գործող Սահմանադրությամբ, Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար) կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

Մարուքյանի համոզմամբ՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքի հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։

«Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում», - գրել է Մարուքյանը՝ նշելով՝ սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG