Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադըլ Կարաիսմաիլօղլուի խոսքով՝ Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի շինարարությունը, որը պետք է ավարտին հասցվի կարճ ժամկետներում։ Այս մասին թուրք պաշտոնյան հայտարարել է Yeni Safak թերթի հետ զրուցում։
«Անհրաժեշտ է արդիականացնել նաև Նախիջևանի երկաթուղիները, ինչից հետո սկսել Ադրբեջանից Նախիջևան ուղիղ երկաթգծի կառուցումը՝ այդպիսով ապահովելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ, այլ ոչ թե Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ աշխատանքները պլանավորում է սկսել արդեն առաջիկա դեկտեմբերին՝ «ավտոճանապարհի կառուցումից հետո»։
Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությունը սահմանակցում է Հայաստանին, Թուրքիային, Իրանին, բայց ոչ բուն Ադրբեջանին։ Նոր ճանապարհը, ինչպես ենթադրվում է, անցնելու է Հայաստանի տարածքով։ Կարաիսմաիլօղլուն, սակայն, իր խոսքում չի հիշատակում Հայաստանի անունը։