Մատչելիության հղումներ

Հայ կինոյի օրը Հայաստանի բոլոր կինոթատրոններում ցուցադրվելու են միայն հայկական հին ու նոր ֆիլմեր


Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է, և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ այն նշանավորվելու է հայ կինոյի հանրայնացմամբ:

Այսօր Հայաստանի բոլոր կինոթատրոններում ցուցադրվելու են միայն հայկական հին ու նոր ֆիլմեր: Թե՛ մարզային, թե՛ մայրաքաղաքային կինոթատրոնները կցուցադրեն իրենց նախընտրած հայկական ֆիլմերը։ Իսկ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն միայն Ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանված հայկական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշում է, որ այս օրը իսկապես ոչ միայն տոնական է կինոգործիչների և կինոարվեստի երկրպագուների համար, ալլև պատմական օր է:

«Նախ, շնորհավորում եմ բոլոր կինոգործիչներին, ստեղծագործողներին Հայ կինոյի օրվա առիթով։ Հաճելի է, որ կինոն ևս ունեցավ իր հատուկ օրը։ Հայ կինոյի օրվա խորհուրդն ու նշանակությունը սերտորեն կապված է մեր կինոյի պատմության, հայ կինոյի մեծերի և ունեցած կինոժառանգության հետ։ Ես համոզված եմ, որ մենք պարտավոր ենք նորովի ուսումնասիրել, վերաարժեվորել հայկական կինոն՝ փոխանցելով այն ի պահ գալիք սերունդներին», - «Ազատության» հետ զրույցում ասում է Միրզախանյանը։

1923 թվականին հենց այս օրն է ստեղծվել «Պետկինո»-ն, որի ղեկավարությամբ էլ ծնունդ առավ հայ կինոն՝ անցնելով բարդ, բայց արդյունավետ մի ժամանակաշրջան․ - «Ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացման ժամանակ «Պետկինոն» ներկայացրեց առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը կոչվում էր «Խորհրդային Հայաստան»։ Ով ուղիղ մեկ տարի անց՝ 1926 թվականին արդեն ցուցադրվեց «Նամուս» ֆիլմը՝ առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը»։

Իսկ արդեն 2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 16-ը սահմանեց Հայ կինոյի օր։ 2020 թվականին համավարակի պատճառով Ազգային կինոկենտրոնի կողմից նախատեսված միջոցառումները չեղարկվեցին, և միայն այս տարի առաջին անգամ հնարավոր դարձավ ապրիլի 16-ը պաշտոնապես նշել որպես Հայ կինոյի օր:

Ուշագրավ է, որ հայկական ֆիլմերի այսօրվա ցուցադրության շրջանակներում նախատեսված են բազմաթիվ երիտասարդ կինոգործիչների ֆիլմեր․ - «Հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ ծրագրում ընդգրկված լինեն մեր դեբյուտանտ ռեժիսորների ֆիլմերը, քանի որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետական ֆինանսավորման 40 տոկոսից ավելին հատկացնում է միայն դեբյուտային ֆիլմերին։ Շատ կոնկրետ կարող եմ ասել․ 2019 թվականին մենք 41 տոկոս հատկացրել ենք դեբյուտային ֆիլմերին, իսկ արդեն 2020 թվականին 53 տոկոսը պետական ֆինանսավորման տրվել է դեբյուտային ռեժիսորներին։ Մենք փորձում ենք օգնել նոր սերնդին, որ նրանք կարողանան շատ ֆիլմեր նկարահանել, որակը կարողանան բարձրացնեն և ներկայացնեն լավ ֆիլմեր։ Անպայման ուզում եմ նշել, որ արդեն ապրիլի 17-ից սկսած մենք սկսել ենք մի նոր ծրագիր մանուկներից համար։ Նույն «Մոսկվա» կինոթատրոնում ամեն շաբաթ-կիրակի օրերին մինչև տարվա վերջ ցուցադրելու ենք հայկական անիմացիոն ֆիլմեր։ Մենք բոլոր մեր մանուկներին հրավիրում ենք «Մոսկվա» կինոթատրոն հայերեն լեզվով դիտել հայկական մուլտֆիլմեր մեծ էկրանի վրա։ Մինչև տարվա վերջ տարբեր միջոցառումներ են լինելու մեր ժամանակակից կինոյի հետ կապված, տարբեր ցուցադրություններ և հետաքրքիր միջոցառումներ։ Նպատակը մեկն է՝ հանրայնացնել ինչպես անցյալի մեր կինոժառանգությունը, այնպես էլ այսօրվա կինոֆիլմերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG