Մատչելիության հղումներ

Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ այրվածքներ են ստացել մի հիվանդ և մի բժիշկ


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Այսօր ժամը 6:24 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 6։34, մարվել՝ 6։43, հաղորդում է ԱԻՆ-ը։ Մասամբ այրվել է երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

Ավելի ուշ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ նախնական վարկածով՝ «հիվանդանոցում պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով»:

Ըստ նրա՝ բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում «բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն։ Բացի բժշկից ու պացիենտից որևէ այլ տուժած չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG