Մատչելիության հղումներ

«5000 զոհ, վիրավորներ, ինքնիշխանության կորուստ, սա է Փաշինյանի պատկերը». նախկին նախագահների գրասենյակներն արձագանքել են վարչապետին


«Կապիտուլյանտը ոչ միայն բանակցություններն է տապալել, նա տապալել է և՛ բանակցությունները, և՛ հրահրել է պատերազմ», - ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը` առավել ևս», - նշեց վարչապետ Փաշինյանը:

Այն, որ Փաշինյանը տապալել է Արցախի խնդրի կարգավորման բանակցություններն ու հայկական դիրքերը դարձրել ապակառուցողական, վկայում է 44-օրյա պատերազմն ու նաև հետպատերազմական վիճակը։ Ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ դրանից հետո որևէ միջազգային կառույցից, համանախագահող կողմից նա որևէ աջակցություն չստացավ։ Վարչապետ Փաշինյանին արձագանքում է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դա իր հիմար, անհեթեթ, հախուռն, հակահայկական ու հակաբանակցային քաղաքականության արդյունքն էր», - նշեց Շարմազանովը

Նիկոլ Փաշինյանը, որ Ազգային ժողով էր եկել կառավարության պատերազմական տարվա աշխատանքի մասին զեկուցելու, դարձյալ ծավալուն ելույթ է նվիրել նախկիններին։ Նրանց մեղադրել է վերջին պատերազմի պատճառների ու բանակցային գործընթացի ձախողման համար։ Սեփական սխալների մասին՝ ոչ մի խոսք։

«Պատերազմում գլխավոր գերագույն հրամանատարը, որը 5000 զոհի պատճառ է, որի օրոք 10 հազար քառակուսի կիլոմետր հողեր են հանձնվել, որի օրոք տասնյակ հազարավոր վիրավորներ, անհայտ կորածներ և գերիներ կան, բոլորին մեղադրում է բացի իրենից», - նշեց ՀՀԿ խոսնակը:

Բանակցային գործընթացում Հայաստանը հատել էր կարմիր գծերը, ասել է Փաշինյանն ու մեջբերել ապրիլյան պատերազմին հաջորդած Սերժ Սարգսյանի հարցազրույցը, թե Սարգսյանն է հայտարարել, որ մոտ էին փաստաթղթի ստորագրմանը, որով պետք է տային Արցախի յոթ շրջանները, իսկ Ադրբեջանը չէր համաձայնում սրան։

«Կապիտուլյանտը մեջբերում է Սերժ Սարգսյանի խոսքերը, պետք չէ հատվածային մեջբերել, Սերժ Սարգսյանի տասնամյա գործունեության հիմնական թեզը հետևյալն է եղել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», - ասաց Շարմազանովը:

Ազգային ժողովի նախկին փոխնախագահը շեշտում է՝ Սերժ Սարգսյանի տասնամյա բանակցության փաթեթի ժառանգության մասին գաղտնազերծել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Իգոր Պոպովը։ Հինգ շրջանները վերադարձվում էին։ Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ։ Քարվաճառն ու Լաչինը մնում էին հայկական վերահսկողության տակ մինչև Արցախը կստանար վերջնական անկախություն։

«Շուշին մնում էր հայկական, Հադրութը մնում էր հայկական, Թալիշը մնում էր հայկական, Մատաղիսը մնում էր հայկական, Դադիվանքը մնում էր հայկական, և այդ ամենն արվում էր առանց մեկ զոհի», - ներկայացրեց ՀՀԿ խոսնակը:

Փաշինյանը հայտարարել է, որ ինքը բանակցությունը նախկինների՝ Սերժ Սարգսյանի կետից չի սկսել, իր սեփական կետից է բանակցում և ինչ ուզում է, դա էլ բանակցում է։ Եթե նախկիններինը վատն էր, իսկ որն է փաշինյանական կետից սկսած բանակցության արդյունքը, հարցնում է Շարմազանովը. «Սերժ Սարգսյանի կետից չեմ բանակցում, իմ սեփական կետից եմ բանակցում, էդ ինքը չէ՞ր ասում՝ նոր պատերազմ նոր տարածքներ, հուլիսյան սահմանային դեպքերից հետո ինքը չէ՞ր ասում՝ մեր բանակն ամենամարտունակն է, որոշիչ նշանակություն ունի տարածաշրջանում: Մենք երբ որ թողել ենք իշխանությունը, այդ բանակցային փաթեթն է եղել, պլյուս Վիեննա և Սանկտ Պետերբուրգ, պլյուս Ալիևի լացերը, որ համանախագահներն իրեն ճնշում էին՝ ճանաչել Արցախի անկախությունը»:

Ազգային ժողովի նախկին փոխնախագահը հիշեցնում է՝ նախկինների օրոք պատերազմը չորրորդը օրը դադարեցվել է, բանակցային դիրքերն էլ ուժեղ են եղել, թող Փաշինյանը մտածի, թե ինչ է ժառանգելու իր հաջորդին։

«Ինքը ժառանգելու է հանձնված Արցախ՝ մեծ մասը, Շուշին տված, Հադրութը տված, 5 հազարից ավելի զոհ, Մեղրիի թուրքական ճանապարհ, 10 հազարից ավելի վիրավոր, մի քանի հազար գերի և անհայտ կորած, էս ա իրա պատկերը և ինքնիշխանության կորուստ», - ընդգծեց Շարմազանովը:

Փաշինյանն այսօր չի շրջանցել Սերժ Սարգսյանի նախորդին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մեղադրել է Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու համար, ինչն, ըստ նրա, երաշխիք էր, որ Ադրբեջանը կհասներ իր նպատակին։

Քոչարյանի գրասենյակից արձագանքը չուշացավ. «Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ: Որպես կանոն հիստերիկ ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են: Այսօրվանը բացառություն չէր: Պատկերացնո՞ւմ եք, մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից: Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարություն էր»:

Նիկոլ Փաշինյանն առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հետ 2018-ի իր հանդիման մասին էլ է խոսել։ Տեր-Պետրոսյանին էլ մեղադրել է հողերը տալու շրջանակից դուրս չգալու համար:

Այս մեղադրանքին առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքեց՝ հիշեցնելով Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 30-ի հայտարարությունը, երբ Փաշինյանին անվանել էր ազգակործան պատուհաս. «Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»։

Փաշինյանի մեղադրանքների սլաքները հասան մինչև փողոցում պայքարող ընդդիմությանը՝ 17 ուժերին։ «Գուցե հենց նրանք են հորդորել ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող հրամանատարներից մեկի որդուն տապալել հարավային ուղղությամբ կարևոր գործողությունը», - հռետորական հարց հնչեցրեց Փաշինյանը։

Նրա այս մեղադրանքը փողոց հանեց ցուցարարներին։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանը բողոքի ակցիա կազմակերպեց Ազգային ժողովի մոտ՝ հայտարարելու, որ Փաշինյանը ստում է։ Պատերազմական օպերացիաները նրա գիտությամբ են կատարվել։

Մինչ ցուցարարները կհասնեին Ազգային ժողով, ոստիկանական ջոկատներն արդեն այնտեղ էին և շղթայել էին Դեմիրճյան փողոցը։

XS
SM
MD
LG