Մատչելիության հղումներ

Բելառուսի և Ադրբեջանի հարաբերությունները փայլուն են, շեշտում են երկու երկրների ղեկավարները


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ողջունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 14-ը ապրիլի, 2021թ․

Բելառուսի նախագահն այսօր Բաքվում հայտարարել է, թե անկեղծորեն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին պայմանավորվածությունները։

«Սա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը։ Ինչի համար ուզում եմ շնորհավորել Ադրբեջանի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին՝ 30 տարի տևած այդ սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, թե իր դիրքորոշումը գիտեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Լուկաշենկոն նաև համոզմունք է հայտնել, որ իր ընկեր ու եղբայր Ալիևի կողմից ոչ մի հաշվեհարդար և վրեժ չի լինելու հայերի նկատմամբ։

Ալիևն էլ իր հերթին նույնիսկ հույս է հայտնել, թե Բելառուսը՝ որպես Ադրբեջանի բարեկամ, ստուգված գործընկեր, ակտիվ մասնակցություն կունենա ոչ միայն տարածքների վերականգնմանը, այլ նաև որպես Հայաստանի գործընկեր, մի երկիր, որը Հայաստանի հետ միասին ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, կարող է կարևոր դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների հաստատման գործում։

Երեկ Բելառուսի նախագահը ժամանել է Բաքու և հինգ ժամից ավելի ոչ ֆորմալ բանակցություններ անցկացրել Ադրբեջանի նախագահի հետ։ Թե ինչ են բանակցել, ինչի մասին են խոսել Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը, հայտնի չէ, հանդիպումը փակ դռների հետևում էր։ Այսօր նրանք հանդիպել են պաշտոնական ձևաչափով։

Այսօրվա հանդիպմանը Լուկաշենկոն հայտարարել է, թե Բելառուսն ու Ադրբեջանը պետք է խորացնեն համագործակցությունը էներգակիրների մատակարարման հարցում։ Եվ այս հայտարարությունը միանգամից տարածել են ռուսական լրատվամիջոցները, քանի որ Բելառուսին էներգակիրներ այսօր ներքին սպառման և տարանցման համար մատակարարում է Ռուսաստանը։

«Մենք միգուցե պետք է ինչ-որ տեղ դիտարկենք հարաբերությունների խորացման հարցը հենց այդ ոլորտում։ Շատ, իհարկե, նուրբ ու նրբանկատ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Բելառուսը գտնվում է տնտեսական ու քաղաքական իրադարձությունների կիզակետում։ Սակայն, այնուամենայնիվ, չլուծվող հարցեր չկան», - ասել է Լուկաշենկոն և հատուկ շնորհակալություն հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ էներգակիրների մատակարարման ոլորտում Բելառուսին աջակցելու համար։

Անցած տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է կես միլիարդ դոլարի։ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ դա լավ արդյունք է դինամիկայի տեսանկյունից։

Քաղաքական հարաբերությունների առնչությամբ Լուկաշենկոն և Ալիևը հայտարարել են, թե երկու երկրներն այսօր ունեն փայլուն հարաբերություններ և չունեն որևէ խնդիր։

«Ինչ վերաբերում է մեր քաղաքական հարաբերություններին՝ դրանք փայլուն են, ինչին համար ես շատ հպարտ եմ։ Մենք վերականգնել ենք մեր ջերմ հարաբերությունները, որ ունեցել ենք խորհրդային տարիներին», - ընդգծել է Լուկաշենկոն։

Ալիևը նույնպես գոհունակություն է հայտնել ադրբեջանա-բելառուսական հարաբերություններից։ «Մեր հարաբերություններում իսպառ բացակայում են խնդիրները, իսկ մեր հանդիպումները թույլ են տալիս առաջ շարժվել», - ասել է նա։

Հիշեցնենք՝ Բելառուսը Հայաստանի դաշնակիցն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում։

XS
SM
MD
LG