Մատչելիության հղումներ

Բացառում եմ կոալիցիան, որով Փաշինյանը կվերարտադրվի կամ Քոչարյանը կվերադառնա. Էդմոն Մարուքյան


«Ազատության» հյուրասրահում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։

«Ազատություն»․ - Դուք ընտրարշավը մասնավորապես ինչի՞ շուրջ եք տանելու։

Մարուքյան․ - Մենք շատ ենք ուզում, որ ընտրարշավը լինի ծրագրային-գաղափարական։ Մեր ծրագրի վրա ենք աշխատում, նոր իրողություններն ենք առաջ բերում։

«Ազատություն»․ - Դա հնարավո՞ր է։

Մարուքյան․ - Ես էս ընթացքում տեսնում եմ, որ դա հնարավոր չի դառնալու, և լինելու է էլի սև ու սպիտակի ընտրարշավ։ Կամ սև ու սպիտակը արդեն հին թեմա է, արդեն հնացել է, գայլերի և գայլխեղդների թեման է արդեն առաջ եկել։ Էդ քարոզարշավի մեջ մենք ուզում ենք ուղղակի մեր ժողովրդին ասել, որ մենք այս ընտրություններին համաձայնել ենք և ընտրությունները որպես լուծում բերել ենք ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Որովհետև եթե պետք է վերընտրվի, էլ ընտրություն անելու իմաստը ո՞րն է։ Մինչև 2023 թվականը ինքը ունի իշխանություն, թող իր իշխանությունը իրացնի։ Կամ որ 1998 թվական տեղափոխվենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի։ Մենք համաձայնել ենք այս ընտրությունների, որ փոփոխություն տեղի ունենա էս երկրում։ Մենք ո՛չ ետ գնալու իրավունք ունենք, ո՛չ էլ տեղում դոփելու էս մարդկանց հետ, ովքեր Ալիևին հայերեն խորհրդարանի ամբիոնից սատկացնում են, բայց միջազգային ատյաններում դա չկա, չի երևում, ոչ մի բան չի արվում այդ մասով։ Էս մարդկանց հետ անհնար է այսօրվա մեր մարտահրավերները դիմագրավել։

«Ազատություն»․ - Դուք այլընտրանքի հայտ եք ներկայացնում, բայց ծանո՞թ եք Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներին, ըստ որոնց ձեր կուսակցությունը մեկ տոկոսից էլ պակաս ձայն ունի։ Ընդ որում, մարդիկ ավելի շատ քվե կտային Հանրապետականին, Դաշնակցությանը, արտախորհրդարանական ուժերին՝ «Սասնա Ծռեր», Հայրենիքի փրկության շարժում․․․

Մարուքյան․ - Չեմ ուզում քննարկել։ Հայաստանում սոցիոլոգիա չկա։ Էս պահին կան ուսումնասիրություններ, ես անկեղծ ասում եմ՝ մենք երրորդ տեղում ենք։ Ոչ մեր պատվերով անցկացված փակ հարցումներ։ Մեզ պետք է հասնել նրան, որ ոչ մի քաղաքական միավոր միանձնյա խորհրդարանական մեծամասնություն չունենա։ Սա մեկ։ Եվ միայն էդ ճանապարհով է հնարավոր հասնել նրան, որ որևէ մեկը միանձնյա չկարողանա ընտրվել վարչապետ։ Այսինքն՝ Փաշինյանը չունենա 51 տոկոս, միանձնյա չընտրվի։ Քոչարյանը բացառում եմ, որ կունենա, և հնարավորություն կլինի ինչ-որ փոխզիջումային տարբերակներ գտնել։ Այսինքն՝ բացառել էն մարդկանց, ովքեր անհաշտություն, կռիվ-ղալմաղալ են բերում երկիր, և ընտրել մեկին, որը համերաշխություն կարող է բերել և բոլորին համախմբել, բոլոր լուսավոր մտքերին, լուսավոր գլուխներին։ Նկատի չունեմ «Լուսավոր Հայաստանի» անդամներին։ Եվ էդ իմաստով «Լուսավոր Հայաստանը» խորհրդարան անցնելու խնդիր ընդհանրապես չունի, խնդիր ունի իր մանդատները բազմապատկելու։ Տեսեք, մենք հիմա ինչո՞ւ ենք ընտրությունները լոբբինգ արել։ 17 մանդատ ունեցող ուժը լոբբինգ է անում, որ ընտրություն լինի, որ, ըստ էդ հարցումների, տանի մի տոկո՞ս․․․ աբսուրդ ա, չէ՞։

«Ազատություն»․ - Ինչքան էլ որ դուք էդ հարցումների արդյունքները կասկածի տակ դնեք, այնուամենայնիվ նաև ասվում է, որ գործող իշխանությունը բացարձակ մեծամասնություն չի ստանալու այդ քվեարկությամբ։

Մարուքյան․ - Բայց նաև ասվում է, որ քառասուն քանի տոկոս չկողմնորոշված մարդիկ կան։ Էդ քառասուն տոկոսի երեսուն տոկոսն էլ կարող ա մեզ ձայն տա, մենք հավաքենք, ասենք 38 տոկոս։

«Ազատություն»․ - Որևէ պարագայում դուք Փաշինյանի թիմի հետ կոալիցիա կազմել, իշխանությունը կիսել կհամաձայնե՞ք․․․

Մարուքյան․ - Արդեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ մենք բացառում ենք որևէ կոալիցիա։

44-օրյա պատերազմի հետ կապված «գոնե իմանանք՝ ինչն ենք սխալ արել »

Մարուքյան․ - Առանց փաստերի չենք ասում՝ էսինչն է դավաճան, էնինչն է դավաճան, ասում ենք՝ եկեք հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք՝ ով է դավաճան, տեսնենք՝ ով է ինչ սխալներ թույլ տվել։ Բայց էդտեղ իշխանությունը մեծ դեր ունի, որովհետև ինքը ասում է՝ «չէ, եկեք չստեղծենք», որ ասում է՝ «եկեք չստեղծենք», կասկածների սլաքը բերում է իր վրա։

Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը նույնպես մեր նախընտրական ծրագրի թեզերից է։

«Ազատություն»․ - Դուք ասել եք, քանի որ հիշատակեցիք պարիտետային հանձնաժողովը, որ Փաշինյանը զինվորականներին փակ ռեժիմով, ներքին կարգով վստահեցրել է, որ «ոչ մի քննություն էլ չի լինելու, չանհանգստանաք»։ Ինչո՞ւ, թաքցնելու բա՞ն ունեն։

Մարուքյան․ - Մամուլի հրապարակում կար մոտ մեկ շաբաթ առաջ, որ գլխավոր շտաբի պետին ներկայացնելու ժամանակ ասվել է, որ «քննիչ հանձնաժողով-բան, ոչ մի բան չի լինելու, մի մտածեք, դուք ձեր ներսում քննեք, թերությունները գտեք»։ Բայց ես Ձեզ բան եմ ասում՝ ամեն մի ծնող զինվորի, որ զինվոր ունի, կամ զոհվել է զինվորը, կամ անհայտ կորած է էս պահին, բոլորը անխտիր ուզում են իմանան էդ ճշմարտությունը։

Էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ի 10 զոհերի համար 3-4 հատ հանձնաժողով ստեղծվեց, էդ ո՞նց եղավ՝ Ապրիլյան հանձնաժողովը ստեղծվեց՝ մինչև հիմա զեկույցը չկա, էս մեծ արհավիրքը, որ 10 միլիոն հայի դարդ ու ցավն է դարձել, մենք չենք ուզում ուսումնասիրենք՝ մեր սխալների վրա սովորենք, որ էլ էդ սխալը չանենք։

Գիտե՞ք, ես առաջին տեղում դնում եմ ոչ թե մարդկանց պատժելու հարցը, Աստված կա վերևը՝ կպատժվեն պատժվողները, բայց գոնե իմանանք՝ ինչն ենք սխալ արել։

Ես ուզում եմ հասկանամ՝ զինկոմիսարիատների հավաքագրային էդ ռեժիմը, վերջին հաշվով, ինչի՞ չի արդյունավետ աշխատել։ Ուզում եմ հասկանամ՝ մինչև պատերազմը ինչո՞ւ են լուծարվել և կրճատվել զինկոմիսարիատները։ Ես ուզում եմ իմանամ՝ Սյունիքի մարզում ինչո՞ւ է երկու բրիգադ կրճատել էսօրվա շտաբի պետը։

Տղաս 14 տարեկան է, 4 տարուց գնալու է բանակ՝ ես ուզում եմ իմանամ։ Եվ էն մարդիկ էլ, ովքեր որ երեխեք ունեն, բանակ են ուղարկում, և հենց հիմա բանակում են, իրենք էլ են ուզում իմանան։

Հիմա՝ Փաշինյան չլինի՝ ով ուզում է լինի, ո՞նց կարող է խուսափի էդ հարցից։ Չի լինելու։ Ես մեկը չեմ լռելու՝ մինչև վերջ կռիվ եմ անելու, որ էդ հարցը ուսումնասիրվի, մենք իմանանք՝ ով է, ինչ սխալ․․․ Կարող է ներենք էդ մարդկանց, կարող է հավաքվենք, ազգովի ներենք, ասենք՝ «ներում ենք ձեզ», բայց իմանանք՝ ինչ ենք սխալ արել, շտկենք էդ անտերը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG