Մատչելիության հղումներ

Հայաստանի երրորդ նախագահի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվեց


Նարեկ Սարգսյան, արխիվ
Նարեկ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվել է։ Երեկ այդպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը՝ բեկանելով Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի նախորդ տարվա նոյեմբերի որոշումը։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու և Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահելու համար։

Նույն ժամանակահատվածում, ըստ մեղադրանքի, Նարեկ Սարգսյանը, «գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ»։ Հետագայում դրանք, «առանց իրացնելու նպատակով, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար», խնդրել է իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանին պայուսակում թաքցված թմրամիջոցները փոխադրել և պահել իր նախապես վարձկալած` Երևան քաղաքի Արամի փողոցի բնակարաններից մեկում։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։

«Ազատություն»-ը կապ հաստատեց Նարեկ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանի հետ, նա ասաց՝ Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ ծանուցում դեռ չի ստացել։

Մանրամասները՝ այստեղ

XS
SM
MD
LG