Մատչելիության հղումներ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօրվանից վերսկսեց «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը՝ «Դո-ից Սի» խորագրի ներքո:

Ժամը 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահը հյուրընկալեց հանրակրթական դպրոցների հարյուրավոր աշակերտների, որոնք վայելեցին դասական երաժշտության հրաշալի նմուշներ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Ծրագրում Արամ Խաչատրյանի, Մոցարտի, Բախի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններն էին:

Այսուհետ յուրաքանչյուր երկուշաբթի համերագասրահի դռներն անվճար բաց են լինելու դպրոցականների համար: Նրանք հնարավորություն կունենան իրենց համար բացահայտել դասական երաժշտության աշխարհը՝ համաշխարհային մեծագույն կոմպոզիտորներին և նրանց անմահ ստեղծագործությունները:

«Դպրոցականի ֆիլհարմոնիա անվանումը նոր չէ, բայց ես երկար տասնամյակներ միշտ հետևել եմ, թե ինչպես է անընդհատ փոփոխվել՝ ծրագրերի առումով, ելույթ ունեցող նվագախմբերի, երաժիշտների առումով։ Եղել են, որ կազմակերպվել են իբրև մենակատարների համերգներ, եղել են, որ անսամբլներ, կամերային կազմեր, սիմֆոնիկ նվագախմբեր։ Երեխան, որը գալիս է համերգասրահ՝ ունկնդրելու երաժշտութուն, հատկապես դասական, հատկապես առաջին անգամ դահլիճում հայտնված երեխաների համար դա մի ամբողջ տիեզերք է», - համերգից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։

«Մենք իրականացնում ենք «Ֆիլհարմոնիկ 365 օր» ծրագիրը, որը ուզում ենք սեպտեմբերի 1-ից արդեն ամբողջապես կյանքի կոչել։ Ծրագրի հիմնական մեխը լինելու է այն, որ բացի ուրբաթ օրվա մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից, մեր հիմնական նվագախումբը նվագելու է նաև երկուշաբթի օրերը՝ «Դպրոցականի ֆիլհարմոնիա»։ Եթե չեմ սխալվում, երկար ժամանակ այն չէր իրականացվում, թեև Առնո Բաբաջանյան համերգասրահում մեր նախկին դիրիժորները ղեկավարությունը պարբերաբար արել են։ Մենք հիմա փորձել ենք ուղղակի նորովի ներկայացնել։ Քննարկել ենք պարոն Ասատրյանի հետ, քննարկել ենք Dasaran.am-ի հետ, որովհետև էնտեղ հետադարձ կապը շատ ակտիվ ա, տարիներ մեծ փորձ ունեն, քննարկել ենք, երկար աշխատել ենք և՛ նախարարության հետ, և՛ քաղաքապետարանի մշակույթի պատասխանատուների հետ։ Մենք գիտենք մի բան, որ դասականը պետք է Հայաստանում՝ Երևանում և մարզերում, հատկապես գյուղերում միջնակարգ դպրոցի աշակերտները պարտադիր գոնե մեկ անգամ լինեն մեր համերգներին», - ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Վիկտոր Մնացականյանը։

Կրթական այս ծրագիրը ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ իրականացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Դասարան» կրթական ծրագրի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրին անվճար հիմունքներով կարող են մասնակցել դպրոցականներն ու ոուսուցիչները՝ նախարարության Դպրոցական բաժանորդային համակարգի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG