Պակիստանի ոստիկանությունը հայտնում է անհայտ զինյալների կողմից լրագրողի սպանության մասին։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վասիմ Ալամայի մարմինը հայտնաբերվել է երկրի հյուսիս-արևմտյան Խըբեր Պախտունկվա նահանգում։
Լրագրողի սպանությունը տեղի է ունենում պակիստանյան մամուլի դեմ իշխանությունների աննախադեպ ճնշումների ֆոնին։ Մինչ այդ Պակիստանը արդեն համարվում էր լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը։ 2020 թվականին երկիրը 9-րդ տեղն է զբաղեցրել Լրագրողների պաշտպանություն կոմիտեի կազմած Անպատժելիության համաշխարհային ինդեքսում։
Կառույցի տվյալներով՝ Պակիստանում լրագրողները պարբերաբար սպանվում են, իսկ այդ սպանությունների հեղինակները հիմնականում չեն պատժվում։ Հերթական միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ՝ անհայտ անձանց կողմից սպանվել էր 31-ամյա լրագրող Աջայ Լալվանին։