Մատչելիության հղումներ

Կանանց ազգային հավաքականը ևս հաղթական մեկնարկ է ապահովում. խոստանում են անհնարինն անել


Հայաստանում առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել։

«Հիասթափվում էինք, բայց հետո հասկացանք, որ պետք չի հիասթափվել, հակառակը` պիտի ուժեղ լինենք, համբերատար լինենք ու վստահ լինենք, որ մի օր լավ է լինելու, ու այդ օրը եկավ», - ասում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անի Ղուկասյանը։

Նա արդեն 10 տարի է` ֆուտբոլով է զբաղվում։ Ասում է՝ իրենց հատկապես ոգևորել են տղամարդկանց ֆուտբոլի հավաքականի վերջին շրջանում գրանցած հաղթանակները. «Ազդեցություն շատ մեծ է թողել, մեզ բոլորիս շատ մեծ ուժ է տվել, որ մենք էլ պետք է նույն արդյունքը ցույց տանք։ Առաջինը մեր ազգի համար, երկրորդը մեզ համար, երրորդը մեր մարզիչների համար։ Իմ կարծիքով` անելու ենք ամեն ինչ, ամենաանհնարինը, որ լավ լինի, ու նույն արդյունքը մենք ցույց տանք»։

Կանանց հավաքականի կենտրոնական պաշտպան, 21-ամյա Մարիա Սախինովան պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում է արդեն 6 տարի։ Ասում է՝ իրենք կկոտրեն կարծրատիպերը, թե կանայք և ֆուտբոլը համատեղելի չեն՝ տեսանելի արդյունքներ գրանցելով. «Այս տեմպերով ես տեսնում եմ մեր ապագան շատ լավ, մենք կգրանցենք արդյունքներ և կհասնենք մեր նպատակներին»:

«Գրեցինք լրիվ ուրիշ ուղի, նոր ճանապարհ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման համար, մինչ օրս շարժվում ենք այդ ճանապարհով», - հավելում է ՀՖՖ գործկոմի անդամ, կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանը։

Վերջինիս փոխանցմամբ` մի շարք նորություններ ունեն, օրինակ՝ հավաքական են հրավիրել նաև սփյուռքում հանդես եկող ֆուտբոլիստներին. «Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կոնկրետ Կալիֆոռնիայում մենք ունենք մեծ քանակությամբ ֆուտբոլիստուհիներ` հայեր, որոնք խաղում են և ակումբային, և դպրոցում, և քոլեջում, և մենք գտանք համարյա այն բոլոր խաղացողներն, որոնք մեզ պետք էին, հրավիրեցինք հավաքական, և 2020 թվականին, երբ որ առաջին հավաքը կայացավ, և առաջին ընկերական խաղը Լիտվայի դեմ, նրանք համարյա բոլորը ներկա էին: Այսօր արդեն ունենք շատ լավ, բալանսավորված միքս թիմ՝ խաղացողներ Հայաստանից և խաղացողներ ԱՄՆ-ից, որը շատ լավ օգուտ է տալիս, որովհետև հոգեբանության խնդիր կա, իրենք շատ լավ իրար հասկանում են»:

Կանանց հավաքականը ոչ մի կերպ չի զիջելու տղամարդկանց հավաքականին, ասում է Թադևոսյանը` հավելելով՝ խաղում են հաղթելու համար. «Ազգային հավաքականը այս մրցաշարով պետք է ցույց տա բոլորին, որ այո, Հայաստանում կանայք կարող են խաղալ ֆուտբոլ, այո, կարող են հաղթել»:

XS
SM
MD
LG