Մատչելիության հղումներ

«Աչքներիս ոչ մի բան չէր էրևում, մենակ ուրախացել էինք, որ փրկվել ենք»․ 1990-ականների ադրբեջանական գերությունից փրկված կին


62-ամյա վանաձորցի Սիլվա Օսիպյանը 1990-ին երկու ամիս գերության մեջ է եղել Ադրբեջանի Խանլարի շրջանում։ Դաժանություն, սարսափ, վախ բառերով է նկարագրում այն, ինչ տեսել է 28 տարեկանում։ Մայրն ու երկու անչափահաս երեխաները մի կերպ էին փրկվել ու հասել Հայաստան։

Ամեն խոսքից հետո աչքերը լցվում են։ Վերհիշելն արդեն դաժան է․ - «Թեժ տոչկից էին էկել։ Էն որ տները վառում էին, ամեն գիշեր մի հիսուն հոգի տանում էին կրակում։ Ես խափեցի, որ փրկվեցի, պասպորտս պատռեցի, ասի հերս կաբարդին ա, հայ չի․․․ Որ ասում էիր՝ հայ եմ, սպանում էին։ Գերիների հանդեպ էն ժամանակ էլ ա շատ վատ եղել։ Ադրբեջանի գլխավոր դատախազը էկավ տեսավ մի հազար հոգի գերի մի հատ սենյակում փակած։ Ասեց՝ ընենց արեք, որ ստեղ վկա չմնա, որ հետո չպատմեն մենք իրանց ինչեր ենք արել։ Իրանք իրար մեջ խոսում էին, դե ես իրանց լեզուն գիտեմ․․․»

Հնարամտությունը փրկել է իրեն ու հասակակից ևս մեկ աղջկա։ Երկուսով հայտնվել են նախ Երևանում, ապա Լոռիում։ Ասում է՝ պետությունից հասանելիք գումարներն իրեն այդպես էլ չեն վճարել․ - «Աչքներիս ոչ մի բան չէր էրևում, մենակ ուրախացել էինք, որ փրկվել ենք»։

Գերությունն իր հերթին էր անտանելի, բայց դրանից հետո արդեն հայրենիքում ապրածն էլ հեշտ չի եղել կնոջ, երկու անչափահաս երեխաների ու տարեց մոր համար։ Միայն անցած տարի է հայկական անձնագիր ստացել։

Անցած 30 տարիներին անտուն կինը տեղից տեղ, քաղաքից քաղաք է տեղափոխվել։ Վերջին 5 տարիներին Վանաձորի փողոցներից մեկին կից երեք քառակուսի մետրանոց երկաթե տնակում է ապաստանել, որ ծանոթներից մեկը նախկինում որպես առևտրի կրպակ է օգտագործել։

Սիլվան նախկին կրպակի ցուցափեղկերը որպես դարակներ է օգագործում։ Տեղավորել է իրերը, մի մահճակալ դրել քամուց չպաշտպանող պատուհանի տակ։ Ժանգոտ սառնարանը վաղուց արդեն հեռուստացույցի համար որպես տակդիր է օգտագործում։ Առանձնապես սառեցնելու բան չունի։

4-5 ամսվա երկար ձմեռվանից հետո վերջապես արևը տաքացնում է։ Տուն դարձած կրպակի առջև՝ մայթին, կրակի վրա ջուր է տաքացրել, գլուխն ու շոշերը լվացել, արևի տակ չորացնում էր։

«Ներսում շարժվելու տեղ չկա։ Ամռանն անելիքս դրսում է», - ասում է ու անհարմարությունից վատ զգում, որ հյուրին տեղավորել չի կարող։ - «Ուր գնացել եմ, խաբել են։ Հիմի էլ որ դիմում ես, սաղ էլ ցրում են, էլի ասում են սպասի․․․»

Սիլվա Օսիպյանն ասում է՝ միշտ ամաչել է իշխանություններին դիմել օգնության համար ու արդարանալով նշում, թե օրերս ծանոթները համոզեցին՝ մի նամակ գրեց Լոռու մարզպետին, հանրակացարանում մի սենյակ խնդրեց։ Բայց դեռ դրական պատասխան չունի։

Մարզի ղեկավարը հղում է արել Վանաձորի համայնքապետին, թե՝ ազատ սենյակ լինի, կտրամադրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG