Մատչելիության հղումներ

Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը «ինքնության փնտրտուքի, ինքնաճանաչողության» մասին է


«Արևածագն Արցախում խաղաղ է», «Գտնված հեքիաթ», «Ընդհատված մանկություն», «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի  դարպասը» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակ,  անվանի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն աշխատում է նոր՝ «Վերածնվածը», խորագրով ֆիլմի վրա և հույս ունի, որ այն հանդիսատեսի դատին կհանձնվի 2023 թվականին:

«Ունենք շատ հասուն, ամուր, կուռ սցենար։ Հիմա սկսել ենք գոյացնել ֆիլմի նկարահանման համար նախատեսված գումարը։ Բնականաբար, մի մասը կա, աշխատել ենք այս ընթացքում, ներդրողներ, համագործակցողներ տարբեր։ Բայց նաև մարտի 30-ին սկիզբ ենք դրել դրամահավաքին։ Մեր նպատակն է գոյացնել 100 հազարին մոտ գումար։ Արդեն ունենք մեկ քառորդ մասը՝ 28 հազարը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ավետիսյանը։

Սցենարական աշխատանքը Նարինե Ոսկանյանի կողմից ավարտված է։ Ջիվան Ավետիսյանը Նարինե Ոսկանյանի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է համարում․ - «Մենք միասին երեք ֆիլմ ենք արել՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը»։ Նարինեի հետ երբ սկսում էինք աշխատել ֆիլմի սցենարի վրա, դա 2018 թվականն էր։ Մեր ֆիլմի առանցքում կային տարբեր պատմություններ՝ միաձուլված, շաղախված և փոխկապակցված, և պատմություններից մեկը 16 թվականի պատերազմն էր։ Եվ հիմա փաստորեն ունեցել ենք որոշակի փոփոխություններ՝ պատերազմը ֆիլմի առանցքային գիծը դարձնելով»։

Ավետիսյանի խոսքով, ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի՝ 2022 թվականին: Նախնական աշխատանքների ծախսերի համար ֆինանսավորում ստացել են նաև Ազգային կինոկենտրոնից, որին դիմելու են նաև հետագա աշխատանքների մի մասի ֆինանսավորման համար: Ֆիլմի արտադրության համար անհրաժեշտ ողջ գումարն արդեն իսկ ուրվագծված է։

Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը միշտ էլ մեծ հետաքրքրությամբ են դիտվում։ Դրանց առանցքային թեման Արցախն է, որի շուրջն էլ հյուսվում են իրադարձությունները։

«Ֆիլմը ինքնության փնտրտուքի, ինքնաճանաչողության մասին է։ Մարդը փորձում է իրեն գտնի, իրեն ճանաչի։ Մեր հերոսը այդ ճանապարհին բացահայտելու է իրեն Արցախում։ Փաստացի դեպքերը ընթանալու են պատերազմական ընթացքում։ Սա, կարծում եմ, լավագույն ձևն է, որ կարողանանք պատմել պատերազմի մասին օտարին ընկալելի աչքերով։ Որովհետև մեր ֆիլմում կան հերոսներ, որ հայ չեն։ Սա ընդհանրական պատմություն է, որ մարդիկ գալիս են, և ինչպես է պատերազմը փոխում նրանց կյանքը։ Ոչ միայն 2020 թվականի պատերազմն է, այլ նաև 1993 թվականից կան դեպքեր, որոնք ճակատագրական են եղել մեր հերոսների համար։ Շատ գեղեցիկ նկարագրված են տարբեր մշակույթների, մարդկանց համակեցությունը և պատերազմի ազդեցությունը բոլորի կյանքի վրա», - ստեղծվելիք ֆիլմի մասին պատմեց Ավետիսյանը։ - «Իհարկե, մենք դեռ չենք խորապես հասկացել, թե ինչ աղետ է մեզ հետ պատահել։ Որպես ազգ չենք հասկանում դեռ, թե ինչ ա կատարվում մեզ հետ։ Կորցրել ենք հայրենիքի մեծ հատված և կորցրել են անդառնալի կորստով հազարավոր հայորդիների։ Եվ կարծում եմ, որ երբ որ մենք իրապես հասկանանք և զգանք, հաջորդելու է վերածնունդը։ Ես համոզված եմ, որ մենք վերածնվելու ենք։ Ես համոզված եմ, որ մենք կարողանալու ենք շտկել մեր սխալները, շտկել մեր քայլերը։ Ես հավատում եմ, որ մենք ուղղելու ենք մեր մեջքը։ Ես, իմ թիմը և հազարավոր մարդիկ մեզ հետ պետք է կարողանան իրենց աշխատանքում հաջողել, պետությունը, հայրենիքը զարգացնել։ Պետք է ունենալ պետականամետ մտածողություն, պիտի կարողանանք պետության շահերը վեր դասել ամեն ինչից։ Էն ժամանակ կհաջողենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG